Քննչական կոմիտեն հաղորդում է, որ Երևանի Հանրապետության հրապարակում բեռնատար ավտոմեքենան դեպի ցուցարարները վարելու դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել, մեքենայի վարորդը ձերբակալվել է:
«Ոստիկանությունից հաղորդում է ստացվել այն մասին, որ մայիսի 9-ին Երևան քաղաքի Հանրապետության հրապարակում «Տավուշը հանուն հայրենիքի» նախաձեռնության կողմից անցկացվող հանրահավաքի ընթացքում անհայտ անձը «Կամազ» մակնիշի բեռնատար ավտոմեքենան վարել է դեպի հանրահավաքի մասնակիցները։ Վարորդը դեպքի վայրում ձերբակալվել է ոստիկանության ծառայողների կողմից՝ առերևույթ հանցավոր արարք կատարելու կասկածանքով», - ասված է ՔԿ հաղորդագրությունում:
Դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ «խուլիգանություն»։ Իրականացվում են անհրաժեշտ գործողություններ՝ կատարվածի հանգամանքները պարզելու նպատակով։
Ավելի վաղ Ներքին գործերի նախարարությունն էր հաղորդել վարորդին ձերբակալելու մասին: «Նախնական տվյալներով վարորդը գտնվում է ոչ սթափ վիճակում և ըստ իր խոսքերի՝ եկել էր հրապարակ ցույցին մասնակցելու համար», - ասված էր ՆԳՆ հաղորդագրությունում:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Առավոտ ժամը 10-ից բոլոր հնարավոր վայրերում խաղաղ անհնազանդության գործողություններ ենք անցկացնելու»․ Բագրատ սրբազան