«Ովքեր կմիանան ցույցին, որևէ հարցով էլ չզանգեք»․ իրավապաշտպանները համոզված են՝ այս հայտարարությամբ իրավապահները պետք է զբաղվեն

Զարուհի Հովհաննիսյան, Ռուբեն Մելիքյան

«Ովքեր կմիանան ցույցին, որևէ հարցով էլ չզանգեք»․ երեկ Ֆեյսբուքի իր անձնական էջում նման հայտարարություն է տարածել իրավապաշտպան ներկայացող Արսեն Սարգսյանը, որը «Արատտա Վան» ՀԿ ղեկավարն է։ Գրել է, հետո ջնջել։

Արցախցի Նարե Սիմոնյանն է լսել հայրենակիցներից ու կարդացել այս գրառումը ֆեյսբուքում։

«Այն, ինչ-որ ինքս եմ տեսել, տեսել եմ պռոիշխանական ինչ-որ քարոզիչներ իրենց էջերում գրել են, որ մենք օգնություն ենք տրամադրել մեր ՀԿ-ներով արցախցիներին, այն արցախցիներն, ովքեր կմասնակցեն այս ցույցերին, այլևս մեզնից ոչ մի օգնություն չսպասեք», - «Ազատության»-ն ասց Սիմոնյանը։

2021-ին հիմնադրված կազմակերպության ֆեյսբուքյան էջի համաձայն՝ Արսեն Սարգսյանն արցախցիներից դիմումներ է ստանում պետական աջակցություն չստանալու մասին, հետո ինքն է դիմումներ ուղարկում պետական կառույցներին, ընդհուպ վարչապետին, որ վերջինս լուծի այդ խնդիրները։

«Արել եմ անհնարինը՝ մինչև անգամ թշնամանք ձեռք բերելով ներկա իշխանության սատարող ֆեյսբուքյան սոցիալական հարթակի տարբեր մարդկանց կողմից»․ - «Ազատության» հետ զրույցում ասաց Սարգսյանը՝ նշելով, որ վերջին շրջանում արցախցիներն իրեն շատ էին հարցնում՝ մասնակցելո՞ւ է սահմանազատման դեմ ցույցերին, ինքն էլ պատասխանել էր՝ ո՛չ։

«Ազատության» հարցին, թե ինքն ինչո՞ւ է սպառնացել՝ ցույցերին մասնակցելու պատճառով իր օգնությանը չդիմել, Արսեն Սարգսյանը միայն պատասխանեց. - «Չմասնակցեք ասվածը տվյալ պարագայում ցանկացած կազմակերպություն իրավունք ունի հայտարարություն տարածելու, և որևիցե մեկը բռնանա կազմակերպության կամ քաղաքական գործչի ազատ խոսքին, դա արդեն քրեորեն պատժելի արարք է»։

Իրավապաշտպանական ակտիվ գործունեությամբ աչքի չընկնող Սարգսյանը հավելեց՝ եթե իրենք անշահախնդրորեն օգնում են, իսկ մարդիկ կան, որ իրենց չեն գնահատում, կարող են դիմել իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանին։ Հենց Մելիքյանն էր նկատել ու տարածել Սարգսյանի գրառումը։

«Լավություն ծախելն ավելի վատ բան է, քան ընդհանրապես լավություն չանելը»



«Լավություն ծախելն ավելի վատ բան է, քան ընդհանրապես լավություն չանելը», - «Ազատության»-ը փոխանցեց Մելիքյանը։

Նա կարծում է՝ Սարգսյանով պետք է զբաղվեն իրավապահները։ Մելիքյանը հիշեցրեց՝ երկու տարի առաջ հասարակական գործիչ Ավետիք Չալաբյանին մեղադրեցին ուսանողներին ընդդիմության ցույցերին մասնակցելուն հարկադրելու համար, Քրեական օրենսգրքում նաև դրա հակառակ դրույթը կա, որով իրավունք չկա քաղաքացուն խոչընդոտել մասնակցել հավաքների։

«Եվ չմասնակցելու շրջանակներում սա ուղիղ կարող է մեկնաբանվել նյութական սպառնալիք, այսինքն՝ եթե դու մասնակցես, կզրկվես նրանից, ինչի ակնկալիքը դու ունեիր», - ասաց Մելիքյանը։

«Նման պահանջները խտրականության ու անհարդուժողության մասին են վկայում»



Իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը ևս կարծում է՝ նման պահանջները խտրականության ու անհարդուժողության, հավաքներին մասնակցելու իրավունքը խախտելու մասին են վկայում։ Իսկ այս ազդակները, նրա գնահատմամբ, գալիս են իշխանություններից։

«Այդ ազդակների որոշակի ձևակերպումներ հնչում են նաև իշխանության ղեկին կանգնած անձանց շուրթերից, դա կլինի վարչապետը, որը կարող է հանգիստ պիտակավորել բողոքի ակցիայի մասնակիցներին, դա կարող է լինել Ազգային ժողովի նախագահը, որ ընդդիմախոսներին հստակորեն պիտակներ կարող է կպցնել, վիրավորական արտահայտություններ անել», - ասաց Հովհաննիսյանը։

Իրավապաշտպանն ընդգծում է՝ աշխարհին խաղաղության հայտ ներկայացնող իշխանությունը պետք է առաջին հերթին երկրի ներսում դա ապահովի, այնինչ՝ հակառակն է անում։

«Եվ դա ես գնահատում եմ երկերեսանիություն, երեսպաշտություն, երթ դու չես կարողանում ներքին դաշտում գտնել այդ խաղաղությունը, ապա ինչպես ես կարողանալու դա գտնելու արտաքին հարաբերություններում», - ասաց Հովհաննիսյանը։

Իրավապաշտպանը պնդում է՝ իշխանությունը նման դեպքերում երբեք չի փորձել իր իսկ օրինակով փակել խտրականության թեման, հարգել ընդդիմախոսների տեսակետը։ Ընդհակառակը՝ ընդամենը 7 ամիս առաջ, Արցախի հայաթափումից հետո, Հայաստանում սկսված ակցիաների ժամանակ էլ էին իշխանություններին մոտ կանգնած մարդիկ արցախցիներին զգուշացնում չմասնակցել ընդդիմադիրների հավաքներին։ Օրինակ՝ Սուրենավանի քպ-ական ղեկավարը, կամ էլ վարչապետի տիկնոջ օգնականը։ Իրավապահները քննել էին ու եզրահանգել՝ Սուրենավանի վարչական ղեկավարի արարքում հանցակազմ չկա։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հավաքներին մասնակցող «արցախցիներին օգնությունից զրկելու» կոչեր իշխանականներից. դատախազությունն ուսումնասիրություն է սկսել
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Սուրենավանի գյուղապետի արարքում իրավապահները հանցակազմ չեն գտել