Մատչելիության հղումներ

Սուրենավանի գյուղապետի արարքում իրավապահները հանցակազմ չեն գտել


Փաստաբան Ամրամ Մակինյան, արխիվ
Փաստաբան Ամրամ Մակինյան, արխիվ

Հանրահավաքներին մասնակցող արցախցիներին օգնությունից զրկելու կոչեր անող իշխանական գյուղապետի արարքում իրավապահները հանցակազմ չեն գտել։ Քննչական կոմիտեն եզրակացրել է, որ Սուրենավանի վարչական ղեկավար Անի Վարդազարյանը Քրեական օրենսգրքով արգելված արարք թույլ չի տվել, երբ հայտարարում էր՝ «այն արցախցին, որը կմասնակցի ցույցերին, զրկել բոլոր տեսակի օգնություններից»։

Թե ինչու են իրավապահները նման եզրահանգման եկել, հանցագործության մասին հաղորդում ներկայացրած փաստաբան Ամրամ Մակինյանը չգիտի՝ որոշումը դեռ չի ստացել։ «Ազատությանն» էլ առանց հստակ մանրամասների միայն փոխանցեցին, թե բավարար ապացույցներ չեն գտել։

«Ես զարմացած չեմ, որ իրավասու մարմինը իմ հաղորդման հիման վրա հանցագործության հատկանիշներ չի տեսել։ Քանի որ իրավապահ մարմինը երկրում կատարվող բազմաթիվ հանցագործություններ չի տեսնում, պետք է արձանագրենք, որ կգա մի իշխանություն, որը դրանք վեր կհանի և իրավական գնահատական կտա թե՛ չտեսնողներին և թե՛ էդ հանցագործություններին», - «Ազատության» հետ զրույցում հայտարարեց Մակինյանը։

Փաստաբանն իր բողոքում անգամ նշել էր, թե Վարդազարյանը Քրեական օրենսգրքի որ հոդվածներն է խախտել՝ խտրականության և հավաք անցկացնելուն կամ դրան մասնակցելուն խոչընդոտելու վերաբերյալ։ Հատկապես երբ նման հայտարարություն հնչում է պաշտոնյայի շուրթերից, նա պետք է քրեական պատասխանատվության ենթարկվի, պնդում է Ամրամ Մակինյանը․ - «Վարչական ղեկավարը պաշտոնատար անձ է, և ինքը խտրական վերաբերմունք է հրապարակային արտահայտում անձանց նկատմամբ՝ պայմանավորված իրենց նախկին բնակավայրով»։

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը համակարծիք է՝ Դատախազությունը պետք է քրեական գործ հարուցեր, որպեսզի հետագայում նման կոչերը չկրկնվեին։ Շեշտում է՝ հավաքների ազատությունը սահմանադրական իրավունք է, չի բացառվում, որ դրանց նաև արցախցիները մասնակցեն, և նման կոչերի պարագայում ագրեսիան նրանց հանդեպ կարող է աճել։

«Իշխանություններից սկսած՝ իրենց գլուխները խոնարհեն էդ հերոս ժողովրդի առջև, որոնք 9 ամիս սովի մեջ մնալուց, ամենադժվարությունները տեսնելուց հետո հայտնվել են Հայաստանում՝ էն էլ ինչ ձևով են հայտնվել, և որևէ խոսք չի կարող լինել նրանց իրավունքների, որևէ իրավունքի խախտման մասին, այդ թվում՝ հավաքներին մասնակցության», - «Ազատության» հետ զրույցում ընդգծեց իրավապաշտպանը։

Ալեքսանյանը, սակայն, չի կարծում, որ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը կհամարձակեվր գործեր հարուցել Փաշինյանի թիմակիցների դեմ. - «Շեֆի համակիրների, մերձավոր միջավայրի նկատմամբ նա չի հարուցելու, եթե անգամ ավելի սրացվեն դեպքերը և ավելի սուր լինեն։ Իսկ ինչո՞ւ են ղարաբաղցիները հայտնվել Հայաստանում՝ դա Նիկոլ Փաշինյանի քաղաքականության հետևանքն է, այսպես ասեմ։ Այնպես որ, թող այս մարդկանց վերաբերվեն մարդավարի և ապահովեն նրանց բոլոր կարիքները, որ զրկվել են այդ մարդիկ ամեն ինչից»։

Սուրենավանի գյուղապետը միակը չէր, նման տեսակետ էր հնչեցրել նաև «Քաղաքացիական պայմանագրի» անդամ Թաթուլ Ասիլյանը՝ հայտարարելով․ - «Ցույցի մասնակցող ղարաբաղցոնց դեպորտ արեք»։

Իսկ վարչապետի տիկնոջը՝ Աննա Հակոբյանին կամավորության սկզբունքով ներկայացնող Ստելլա Սարուխանյանը ֆեյսբուքյան գրառմամբ շրջանառել էր օգնությունից զրկելու նույն միտքը՝ արցախցիներին հորդորելով հեռու մնալ, իր խոսքով, հայաստանակործան հավաքներից։

Թիմակիցների հայտարարությունները քննադատել էր իշխանական պատգամավոր Մարիա Կարապետյանը՝ նրանց հորդորելով պահպանել կուսակցության անդամի պարտականություններն ու դրանց հակասող գործողություններ չիրականացնել։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից այսօր «Ազատությանը» միայն փոխանցեցին՝ կուսակիցների վարքագիծը քննարկման է դրված վարչությունում, եթե նրանց պատասխանատվության ենթարկեն, հանրությանը կտեղեկացնեն։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG