Վերջին մեկ տարում ահաբեկչության նախապատրաստության, իշխանությունը զավթելու, իշխող ուժի պատգամավորների դեմ ահաբեկչության քրեական գործերի մասին իրավապահները լուռ են։ Օրինակ՝ «Հյուսիսային տերևաթափ» անունով ահաբեկչության նախապատրաստության քրեական գործի հարուցումից կես տարի է անցել, բայց քննիչները որևէ նոր տվյալ չեն բացահայտել նախաքննությունից։
ԱԱԾ-ն ձայնագրություն էր հրապարակել, պնդել, որ ձայնը փոխած տղամարդիկ քննարկում են պայթուցիկը մեքենայի տակ հարմարեցնելու հնարավորությունը: Մեղադրյալները հինգն են, նրանց անունները չի հրապարակվում։ Նրանք, ըստ իրավապահների, 2023 թվականին մտադիր էին կազմալուծել իշխանության գործունեությունը՝ նախապատրաստելով պայթյուն և հանրության համար վտանգավոր արարք։ Ծրագրվել էր նաև սպանել քաղաքացիական անձի, ում անունը ևս ԱԱԾ-ն մինչև օրս չի հրապարակել։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԱԱԾ-ն հաղորդում է ահաբեկչության նախապատրաստություն բացահայտելու մասինՎարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը պնդել էր՝ սա հեղաշրջման հերթական փորձն է։ Վարչապետ Փաշինյանի թիմակիցները այս գործն անգամ համեմատել էին 1999 թվականի հոկտեմբերի 27-ի ահաբեկչության հետ, երբ սպանվեց Հայաստանի քաղաքական ղեկավարությունը՝ խորհրդարանի խոսնակ Կարեն Դեմիրճյանը, վարչապետ Վազգեն Սարգսյանը և ևս վեց պաշտոնյա։
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը ամիսներ առաջ՝ Ազգային ժողովի այգում 1999 թվականի ահաբեկչության զոհերի հիշատակի օրը, պատասխանելով լրագրողի հարցին, թե արդյո՞ք նման ոճրագործություն կարո՞ղ է կրկնվել, նշել էր, որ նման վտանգ տեսնում է:
Մի քրեական գործ էլ վերաբերում է վարչապետի դեմ մահափորձ ծրագրելուն, նաև իշխանության զավթումը կազմակերպելուն։ Այս գործով մեղադրյալ Երևանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանը մեկուկես ամիս առաջ ազատվեց կալանքից, նա այժմ տնային կալանքի տակ է։ Իրավապահները պնդում են, որ կես տարի բանտում անցկացրած 67-ամյա նախկին պաշտոնյան ու «Խաչակիրներ» ռազմահայրենասիրական կազմակերպության ձերբակալված 7 անդամները իշխանությունը յուրացնելու քայլեր են ձեռնարկել։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Դատարանը որոշել է Ալբերտ Բազեյանին ազատ արձակել կալանքից՝ նշանակելով երկամսյա տնային կալանքԲազեյանի փաստաբան Գեորգի Մելիքյանը հակադարձում է. - «Բազեյանը իրեն մեղավոր չի ճանաչում, պնդում է, որ իրնքը մեղավոր չի»:
Ահաբեկչության երրորդ դրվագը, ըստ իրավապահների, ուղղված էր իշխանական պատգամավորներ Գուրգեն Արսենյանի ու Գագիկ Մելքոնյանի դեմ։ Քննչականի փոխանցմամբ՝ բնակչությանն ահաբեկելու, իշխանության մարմինների գործունեությունը կազմալուծելու համար 5 մեղադրյալները կազմակերպել են ահաբեկչություն պատգամավոր Գագիկ Մելքոնյանի դեմ՝ նպատակ ունենալով նրան զերծ պահել քաղաքական կոնկրետ հայտարարություններից և դիրքորոշումներից։ Նշել էին, թե երկու անձ պայթուցիկ սարքը նետել են տան պարսպից ներս, բայց տունը պատկանել էլ է ոչ թե Մելքոնյանին, այլ նրա հարևանին։
«Կամերաները լրիվ ցույց են տալիս՝ ոնց են գալիս, ոնց են շպրտում, որ ուղղությամբ են գնում: Երկու հոգի են էղել, դեմքերն էրևում ա լրիվ պարզ», - «Ազատությանն» ասաց Գագիկ Մելքոնյանը:
Իրավապահները այս երեք քրեական գործերի մասին տվյալներ են հաղորդել միայն քննության սկզբում։ Ամիսներ են անցել, բայց որևէ նոր տվյալ հանրությանը չեն փոխանցել։