Իրանի և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) բանակցությունները կկենտրոնանան չլուծված խնդիրների վրա: Այդ մասին այսօր Սպահանում Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Մոհամմադ Էսլամիի հետ համատեղ ասուլիսում հայտնել է ԱԷՄԳ-ի տնօրեն Ռաֆայել Գրոսսին:
Գրոսսին երեկ է մեկնել Իրան՝ հուսալով ամրապնդել ԱԷՄԳ-ի վերահսկողությունը Թեհրանի ատոմային գործունեության նկատմամբ, սակայն, ինչպես նշում են վերլուծաբանները և դիվանագետները, նա սահմանափակ լծակներ ունի հաջողության հասնելու համար:
«Ինձ համար կարևորն այն է, որ մենք շարունակում ենք հավատալ, որ {մարտ ամսին ԱԷՄԳ-ի և Իրանի միջև համաձայնեցված} այս փաստաթուղթն ուժի մեջ է, վավեր գործիք է, որը հստակ մատնանշում է այն ոլորտները, որտեղ մենք պետք է աշխատենք»,- ասել է Գրոսսին:
Էսլամին մամուլի ասուլիսում Գրոսսիի հետ իր վերջին հանդիպումը «դրական» է որակել։
Անցյալ տարի Թեհրանը երաշխիքներ է տվել ՄԱԿ-ի Ատոմային էներգիայի միջազգային գործակալությանը, որ կվերականգնի մշտադիտարկման ապամոնտաժված սարքավորումները և կօգնի չհայտարարված վայրերում հայտնաբերված ուրանի մասնիկների առկայության հանգամանքների հետաքննությանը:
Մինչդեռ, այդ խոստումների մեծ մասը չի կատարվել, ինչի մասին են վկայում ԱԷՄԳ-ի զեկույցները:
Իրանը մինչև 60 տոկոսի է հարստացնում ուրանը: Եթե Իրանը 90 և ավելի տոկոսով հարստացնի իր ունեցած ուրանն, ապա դա բավական կլինի առնվազն երկու միջուկային ռումբ ստեղծելու համար:
Իրանը պնդում է, որ չունի միջուկային զենք ստեղծելու նպատակ, սակայն, ըստ մասնագետների, չկա երկիր, որն այս աստիճանի է հարստացրել ուրանը և զենք չի ստեղծել:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Reuters. ԱՄՆ-ը կարող է մեղմացնել Իրանի դեմ պատժամիջոցները՝ միջուկային ծրագրի սահմանափակման դիմաց ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Գրոսի․ «Թեհրանի բացատրությունները մեզ ճշմարտանման են թվում»