Պուտինի խոստումները ոչ միայն դատարկ են, այլև՝ սուտ, և սա շարունակվում է արդեն 25 տարի. Նավալնայա

Յուլիա Նավալնայա, արխիվ

Ռուսաստանի ընդդիմության հանգուցյալ լիդեր Ալեքսեյ Նավալնիի այրին՝ Յուլիա Նավալնայան տեսաուղերձ է հրապարակել Վլադիմիր Պուտինի այսօրվա երդմնակալության կապակցությամբ։

«Ի՞նչ եք հիշում Պուտինի նախորդ ժամկետի մասին, նա, իհարկե, կարող է անվանել այն, ինչպես ուզում է, բայց դուք չեք կարող խաբել այն մարդկանց, ովքեր ուղարկվում են ռազմաճակատ: Գիտե՞ք, թե քանի մարդ է զոհվել այս արյունալի և անիմաստ պատերազմում», - նշել է Նավալնայան տեսաուղերձում:

Նրա փոխանցմամբ, Ռուսաստանում կան «մի քանի հարյուր» քաղբանտարկյալներ, և ամեն օր նոր գործեր են հարուցվում, «պետությունը հետզհետե ավելի է ներխուժում իր քաղաքացիների անձնական կյանք»։

«Անձամբ ինձ համար Պուտինի վեց տարին {նախագահության վերջին ժամկետը} այն տարիներն են, երբ ամուսինս՝ Ալեքսեյ Նավալնին, ազնիվ ու խիզախ մարդ, Ռուսաստանի իսկական հայրենասեր, հալածվել է, թունավորվել քիմիական զենքով, դատվել, երեք տարի խոշտանգվել բանտում և սպանվել։ Եվ Պուտինն է դա արել», - ասել է Նավալնայան՝ ավելացնելով, որ Պուտինի խոստումները ոչ միայն դատարկ են, այլև՝ սուտ:

«Սա շարունակվում է արդեն 25 տարի: Նույնը կլինի այս անգամ {պաշտոնավարման նոր վեցամյա ժամանակաշրջանում}: Նրա յուրաքանչյուր ժամկետի հետ ամեն ինչ միայն դեպի վատն է գնում: Սարսափելի է պատկերացնել, թե դեռ ինչ կլինի: Պուտինը մնա իշխանության ղեկին՝ մեր երկիրը չի ունենա ո՛չ խաղաղություն, ո՛չ զարգացում, ո՛չ ազատություն», - ասել է Յուլիա Նավալնայան:

Նա հայտարարել է, թե պետք է ապահովել, որ ոչ ոք չհավատա Պուտինին՝ ո՛չ Ռուսաստանում, ո՛չ նրա սահմաններից դուրս։

«Հենց հիմա մեր երկիրը կառավարում է մի ստախոս, գող և մարդասպան, բայց դա անպայման կավարտվի», - նշել է Նավալնիի այրին։

Ալեքսեյ Նավալնին մահացել է փետրվարի 16-ին «Բևեռային գայլ» անվամբ հատուկ ռեժիմի գաղութում։ Մահից մի քանի օր առաջ նրան 27-րդ անգամ ուղարկել են պատժախուց, որում ավելի խիստ պայմաններ են, քան սովորական խցերում։ Քաղաքական գործչի հետևորդների համոզմամբ՝ նրան կա՛մ սպանել են, կա՛մ մահվան են հասցրել։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Վլադիմիր Պուտինը հինգերորդ անգամ ստանձնեց ՌԴ նախագահի լիազորություններըՅուլիա Նավալնայա․ «Արևմուտքը չպետք է ճանաչի Պուտինի լեգիտիմությունը»