Կիրանցում այս պահին ընդհանուր առմամբ իրավիճակը հանգիստ է, գյուղում ոստիկանական ուժեր կան, պարեկները հսկում են ճանապարհները, բայց ճանապարհները բաց են։
«Ազատություն»-ը եղել է այն հատվածներում, որտեղից տեսանելի են սահմանազատման հատվածները, աշխատանքներ իրականացնող խմբեր «Ազատություն»-ը չի ֆիքսել։
Կիրանցում երեկ ևս մեծ թվով ոստիկաններ կային, մուտքերը դեպի գյուղ փակ չէին, բայց դրսից եկած մեքենաներին թույլատրում էին մտնել ստուգումներից հետո միայն։
Գյուղացիները երեկ «Ազատության»-ն ասացին, որ գյուղում սպասողական վիճակ է։
Ոստիկանների ուժեղացված հսկողությանը զուգահեռ Կիրանցի մի խումբ բնակիչներ նույնպես հսկում էին Խեյրիմլիի մուտքը։ Ենթադրում են, որ ամեն վայրկյան չափագրողները կարող են իրենց գյուղի տարածք մտնել։ Ասում էին՝ թույլ չեն տալու աշխատանք իրականացնեն այն հատվածներում, որոնք իրենցն են դեռ խորհրդային ժամանակներից ու դրանց նկատմամբ սեփականության վկայականներ ունեն։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Հատվածներ կան, որ չի թույլատրվում մարդ իր այգին մտնի». Կիրանցում սպասողական վիճակ է (լրացված)Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ սրբազանի առաջնորդած քայլերթի մասնակիցներն էլ երեկ Սևանից շարժվում էին դեպի Երևան՝ նախատեսելով մայիսի 9-ին լինել Երևանում: Քայլերթը մեկնարկել է շաբաթ օրը Կիրանցից։ Մասնակիցներն ասում են, որ շարժման և այս պայքարի նպատակն է հասնել սահմանազատման կասեցմանը։
Տավուշցիները համոզված են, որ այս սահմանազատման արդյունքում ադրբեջանական կողմին են անցնելու նաև հայկական որոշ տարածքներ, այդ թվում՝ Կիրանցից։ Քաղաքացիներն անվտանգության երաշխիքներ են պահանջում։
Իշխանությունները, մինչդեռ, սահմանազատումը անվտանգային ռիսկերի նվազում են համարում։ Անդրադառնալով գործընթացից հետո հնարավոր ռիսկերին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ քանի դեռ Ադրբեջանի հետ սահմանը սահմանազատված չէ, կոնֆլիկտի որոշակի առիթ կարող է դառնալ։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Բագրատ սրբազան. «Կենսագրություն ունենք մենք, ի՞նչ պաշտոն, ի՞նչ բան» ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Բագրատ Գալստանյանը պետք է Երևանից գնա Էջմիածին». իշխող ՔՊ-ից արձագանքում են սրբազանի առաջնորդած քայլերթին