Մատչելիության հղումներ

Բագրատ սրբազան. «Կենսագրություն ունենք մենք, ի՞նչ պաշտոն, ի՞նչ բան»


Շարունակվում է Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ սրբազանի առաջնորդած քայլերթը: Այն մեկնարկել էր Կիրանց գյուղից և այժմ երթի մասնակիցները Երևան-Սևան մայրուղով քայլելով շարժվում են դեպի մայրաքաղաք, որտեղ նախատեսում են լինել մայիսի 9-ին:

Շարժման և այս պայքարի նպատակն է հասնել սահմանազատման կասեցմանը. ամեն դեպքում, այդպես են իրենց պահանջը ձևակերպում շարժման առաջնորդները, որոնց առաջին շարքերում են Բագրատ սրբազանը, քաղաքագետ Սուրեն Պետրոսյանը, ԱԺ «Հայաստան» ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանն է նաև առաջին շարքերում:

«Ազատություն»-ը զրուցեց Բագրատ սրբազանի հետ՝ փորձելով հասկանալ՝ եթե այդ հարցում հաջողության հասնեն, և սահմանազատման պրոցեսը դադարեցվի, արդյո՞ք իրենք նաև պահանջ կձևակերպեն Նիկոլ Փաշինյանի և նրա կառավարության հեռացման:

«Հստակ հիմա ասում եմ՝ մեր ամբողջ շարժումը իր խորքով, հիմքով հոգևոր, բարոյական շարժում ա: Ճշմարտությունը պետք ա ստին հաղթի մեր երկրում, բավարար ա: Թե դա ինչ արժեք ու գին կունենա, կտեսնենք», - հայտարարեց Տավուշի թեմի առաջնորդը:

Նրա խոսքով՝ իրենց նպատակն է հասնել սահմանազատման «կասեցմանը՝ բոլոր առումներով»: «Մնացածը ժողովուրդը կձևակերպի, եթե կձևակերպի», - այսպես արձագանքեց Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը «Ազատության» հարցին՝ դա առավելագո՞ւյն պահանջն է, որ ձևակերպված է:

Հարցին՝ ձևակերպվելո՞ւ է արդյոք կառավարության, իշխանության հեռացման պահանջը, Բագրատ սրբազանը պատասխանեց. - «Լսեք, ես ֆուտբոլիստ եմ եղել ժամանակին, տասը տարի ֆուտբոլ եմ պարապել, մենք երբեք չէինք մտածում մրցույթներից առաջ, թե մեր վերջի հանգրվանը ինչ ա լինելու, մենք մտածում էինք հաջորդ խաղի մասին»:

Այս պահին պայքարի առաջնորդները, այդ թվում՝ Բագրատ սրբազանը, մանրամասներ չեն հայտնում, փակագծեր չեն բացում, միայն ասում են, որ այժմ իրենց խնդիրն է դադարեցնել սահմանազատման գործընթացը:

«Խորը բարոյական հարց ա՝ այն մարդուն, որին ասել է՝ «ես ձեռս կկտրեմ, բայց չեմ», այդ նույն մարդը այսօր Կիրանցում նստած լացում է՝ տեսանյութն էլ ցույց տալով, այդ նույն մարդը լացում ա, հերոսական էդ մարդը», - ասաց Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը:

«Սրբազան, հիմա եթե հրապարակում պայքարի ընթացքում սահմանազատման գործընթացի պահանջի հարցում հաջողության հասնեք, և մարդիկ Նիկոլ Փաշինյանի հեռացման պահանջ ձևակերպեն, Դուք պատրա՞ստ եք առաջնորդել նաև այդ պայքարը», - «Ազատության» հարցին Բագրատ սրբազանն արձագանքեց. - «Մեր այս շարժման մեջ եթե-ներ չկան: Ես ոչ մի բանի ոչ ակնկալիք ունեմ, ոչ էլ ոչինչ»:

Թե ինչ բնույթի ակցիաներ է նախատեսում Երևանում, բարձրաստիճան հոգևորականն ասաց. - «Սիրո, հաշտության, ինքնամաքրման, բարության, արդարության, ճշմարտության»:

«Անուններ են հնչեցնում, որ ձեր շարքերում են, ձեր թիկունքում են», - «Ազատության» այս դիտարկմանը նա արձագանքեց. - «Լավ են արել: Բոլոր մարդիկ իրավունք ունեն և՛ իմ թիկունքում լինել, և՛ իմ առջևում լինել, և իմ աջ կողքում, և իմ ձախ կողքում, ներառյալ նաև իրենք: Բոլոր հայ մարդիկ, հայրենիք ունեցող մարդիկ: Էստեղ տեսեք ովքեր են էկել միացել՝ պարզ մարդիկ, մինչև ամենաբարձրաստիճաններով: Նշանակություն ունի՞ դա հայրենիքի կորստի հետ: Ասեմ ձեզ, որ իրենց բարձրաստիճան «Քաղաքացիական պայմանագրի» անդամներ էլ, որոնց ողջունում եմ, արդեն իսկ ներքին ուղերձներ են հղում մեզ, թե ինչպես կարող են միանալ: Էս էլ իրենց պատգամ, թող հիմա մտածեն դրա մասին»:

Նրանք այս պայքարը սկսել են, որպեսզի հասնեն նրան, որ իշխանությունը դադարեցնի սահմանազատման գործընթացը, որը, իրենց բնորոշմամբ, տեղի է ունենում առանց միջազգային պայմանագրերի և նորմերի պահպանման, սա համարում են միակողմանի զիջում և այս պայքարով մտադիր են կասեցնել այդ պրոցեսը:

«Սա պետք ա տեղի ունենա ամբողջ հանրապետությա՛ն տարածքով: Այո, հանրաքվեով պտի տեղի ունենա, պետք ա օրինական բոլոր ընթացակարգերով տեղի ունենա, միջազգային պայմանագրերի, սկզբունքների և հիմքերի վրա տեղի պտի ունենա», - պնդեց Տավուշի թեմի առաջնորդը:

Բագրատ սրբազանը վստահեցրեց, որ մարդիկ իրենց քայլերթին միանում են «շատ մեծ, անսպասելի մեծ» ակտիվությամբ:

Հարցին՝ «ինչպե՞ս եք պարտադրելու իշխանությանը հրաժարվել սահմանազատման գործընթացից», Տավուշի թեմի առաջնորդն արձագանքեց. - «Կգա ժամը՝ կիմանաք, էլի»:

«Հնարավո՞ր է՝ Դուք ինչ-որ պահի հանդերձանքը հանեք և քաղաքական հայտ ներկայացնեք», - այս հարցին էլ Բագրան սրբազանն արձագանքեց. - «Չէ, նման բան չկա: Կենսագրություն ունենք մենք, ի՞նչ պաշտոն, ի՞նչ բան, դրանք ի՞նչ են, չկայացած մարդկանց համար են՝ հիմա էնտեղ նստած որ վախենում են, աթոռները դողում ա տակները: Էդ աթոռները նշանակություն չունեն»:

Հակադարձելով խորհրդարանից հնչող հայտարարություններին, որ այս պայքարի նպատակը, շարժումն առաջնորդողների ուզածը պարզ չէ, բարձրաստիճան հոգևորականն ասաց. - «Իրենք խուլ ե՞ն, թե՞ քաղաքական հանձնարարություն ունեն»:

Սուրեն Պետրոսյանը «Ազատության» հարցին, թե ի՞նչ են իրենք առաջարկում, եթե դեմ են սահմանազատման գործընթացին, ապա այդ դեպքում իրենց առաջարկը ո՞րն է, պատասխանեց. - «Բոլորս էլ ուզում ենք սահման ունենանք, ո՞ր մեկն ա ասել, որ մենք չեք ուզում սահման ունենանք, բայց էս սկզբունքները պետք է պահպանվի սահման ունենալու համար: Եվ երկրորդը՝ եթե դուք ուզում եք սահմանազատման և սահմանագծման աշխատանքներ տանեք, պետք է երկու երկրների մեջ չափազանց բարձր փոխադարձ վստահելիության մակարդակ լինի»:

Ապրիլի 19-ին Երևանն ու Բաքուն հայտարարեցին, թե «նախնական համաձայնեցրել են»՝ Տավուշ-Ղազախ սահմանի որոշ հատվածներ համապատասխանեցնել «Խորհրդային Միության փլուզման պահի դրությամբ գոյություն ունեցող միջհանրապետական սահմանին»։ Ըստ այդմ, հայկական կողմը հետ կքաշվի Բաղանիս-Այրում, Աշաղը Ասկիպարա ու, Խեյրիմլի ու Ղըզըլհաջիլի գյուղերի ուղղություններով։ Գործընթացն առայժմ չի վերաբերում Բերքաբերի դիմաց գտնվող հայկական տարածքներին, որոնք Ադրբեջանի վերահսկողության տակ են, և Ոսկեպարին հարակից միջպետական ճանապարհի հատվածին, որը դեռ մնում է հայկական վերահսկողության տակ:

Տավուշցիները համոզված են, որ այս սահմանազատման արդյունքում ադրբեջանական կողմին են անցնելու նաև հայկական որոշ տարածքներ, այդ թվում՝ Կիրանցից։ Քաղաքացիներն անվտանգության երաշխիքներ են պահանջում։

Իշխանությունները, մինչդեռ, սահմանազատումը անվտանգային ռիսկերի նվազում են համարում։ Անդրադառնալով գործընթացից հետո հնարավոր ռիսկերին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ քանի դեռ Ադրբեջանի հետ սահմանը սահմանազատված չէ, կոնֆլիկտի որոշակի առիթ կարող է դառնալ։

«Այս է պատճառը, որ սկսում ենք առավել մեծ կոնֆլիկտային պոտենցիալ ունեցող տեղերից, որպեսզի իրադրությունը պահենք մաքսիմալ կառավարելի։

Շատերն ասում են՝ մենք Ադրբեջանին հանձնում ենք 4 գյուղ, ես կասեմ՝ մենք Ադրբեջանից վերցնում ենք 4 գյուղ՝ որպես փաստարկ Հայաստանի Հանրապետության դեմ ագրեսիվ քաղաքականությունը միջազգայնորեն լեգիտիմացնելու առումով», - հայտարարել էր վարչապետը։

XS
SM
MD
LG