Կիրանցում ոստիկանական այսօրվա գործողություններից հետո ընդդիմադիր «Հայաստան» ու «Պատիվ ունեմ» խմբակցությունները դռնփակ հանդիպման են հրավիրել Հայաստանում ԵՄ պատվիրակության, Եվրոպայի խորհրդի գրասենյակի, ՄԱԿ-ի հայաստանյան ներկայացուցչության ղեկավարներին, ամերիկացի, ֆրանսիացի, բրիտանացի, գերմանացի դիվանագետներին։
«Ուզում ենք նաև իրենցից ստանալ շատ հստակ հարցի պատասխան՝ արդյո՞ք իրենց կողմից ֆինանսավորվող բարեփոխումների այս ծրագրի վերջնարդյունքը ոստիկանապետության հաստատումն է՝ քաղբանտարկյալներից սկսված, ավարտված պարզ քաղաքացիներին ուղղակի բռնության ենթարկելու գործիքակազմ լիարժեք գործադրելով», - հայտարարեց «Հայաստան» խմբակցութան քարտուղար Արծվիկ Մինասյանը։
Ինչո՞ւ նրանց, Մինասյանը բացատրեց՝ հրավիրել են միջազգային այն դերակատարներին, որոնք Հայաստանում ֆինանսավորել են ժողովրդավարության, մարդու իրավունքների պաշտպանության, իրավունքի գերակայության ծրագրեր։
«Տպավորություն է, որ էս ներկայացուցիչներն ուղղակի չեն տիրապետում Հայաստանում ստեղծված վիճակին կամ առնվազն կեղծ լուրերի տակ են, որոնք այս իշխանություններն ամենատարբեր՝ իրենց և իրենց սատելիտների միջոցով փորձում են փոխանցել այս մարմիններին։ Անգամ, եթե վաղն էլ է հնարավոր, մենք պատրաստ ենք Ազգային ժողովում հենց այդ հանդիպումը կազմակերպել», - ասաց Մինասյանը։
Մինչ ոստիկանությունը, շրջանցելով երկու շաբաթ փակ ճանապարհն ուժով բացելու հանգամանքը, տեղեկացրեց, թե ուժեղացված հսկողություն է իրականացնում ականապատ տարածքներ մարդկանց մուտքը կանխելու համար, Արծվիկ Մինասյանը խոսում էր հանցագործության մասին հաղորդումներից։ Նա կարծում է՝ Կիրանցում ոստիկանության առավոտյան գործողություններն անհամաչափ ուժի կիրառում էին։
«Հուսանք, որ նաև կլինեն կոնկրետ հաղորդումներ հանցագործությունների մասին»», - ասաց ընդդիմադիր պատգամավորը։
Հարցին, թե ո՞վ է տալու այդ հաղորդումը, Մինասյանը պատասխանեց․ - «Թե տեղի բնակիչներն, ում նմատմամբ կիրառվել է ուղիղ բռնություն, հասկանում եք, վնասվածքներ են ստացել։ Այդ ֆիզիկական ուժի գործադրումը, որին պետք է նախորդեր նույն ոստիկանության պատշաճ հաղորդումը Գլխավոր դատախազությանը, որ կիրառվելու է ֆիզիկական ուժ, հնարավոր են վնասվածքներ և նաև փաստացի վնասվածքների վերաբերյալ ինֆորմացիա պետք է տան, հիմա նաև դրանք հաշվի առնելով, կարծում եմ, որ այս գործողություններն անհրաժեշտություն են»։
Մինասյանի պնդմամբ՝ Կիրանցում անհանաչափ ուժ է կիրառվել։ «Դա հաստատվում է նաև նույնիսկ անգամ այն փոքր տեսանյութերով, որ մարդիկ հասցրել են տեղադրել։ Այնքան ակնհայտ է դա, որ անգամ քննարկելու բան չկա։ Հիմա ես կարծում եմ, որ նույն Գլխավոր դատախազությունը կամ Քննչական կոմիտեն, կամ Հակակոռուպցիոն կոմիտեն արդեն պետք է քրեական վարույթներ նախաձեռնած լինեին», - նշեց ընդդիմադիր պատգամավորը։
Ընդդիմադիրները խոսում են Կիրանցում ոստիկանական բռնությունների մասին, իշխանությունը՝ հերքում
Առավոտյան Ազգային ժողովում ընդդիմադիրները խոսում էին ոստիկանական բռնությունների մասին, իշխանությունը հերքում, թե՝ ուժ է կիրառվել, հայտարարության հեղինակը տավուշի մարզպետի եղբայրը՝ Վահե Ղալումյանն է։ Գյուղացիների խնդիրը նա 1-2 տան հարց համարեց։
«Գրեթե 30 Կիրանց գյուղի բնակիչ բերման է ենթարկվել Ոստիկանություն, որտեղ եղել են մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ներկայացուցիչներ, որոնց հետ կապվել եմ և որոնք հավաստիացնում են, որ ոչ ոք բռնության մասին չի խոսել, դրա մասին հավաստիացրել են հենց բերման ենթարկվողները», - հայտարարեց Ղալումյանը։
Վարչապետ Փաշինյանի հավաստիացումները, թե սահմանազատումը, հայ-ադրբեջանական հնարավոր կոնֆլիկտը կառավարելու լավ միջոց է, ընդդիմությանը չեն համոզել։ Նրանք լավ հիշում են՝ մոտ մեկ ամիս էլ չի անցել, երբ հենց նույն Նիկոլ Փաշինյանն ասում էր՝ սահմանազատումը Տավուշից սկսելը չի երաշխավորում, որ կխուսափենք պատերազմից։
Հանրային հեռուստաընկերությանը տված երեկվա հարցազրույցում, երբ կոնկրետ խոսք գնաց սահմանազատման արդյունքում Անդրբեջանի սահմանից չնչին հեռավորության վրա հայտնվող Կիրանցի դպրոցից, վարչապետն իր լուծումն առաջարկեց․ - «Կարող ենք ծառ տնկել, կարող ենք պատ կառուցել, եթե երևալու խնդիրն է, բայց մենք պետք է հասկանանք, որ անվտանգության զգացողությունը սահմանն է՝ պետական դելիմիտացված սահմանը»։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Կիրանցում առաջիկա օրերին կսկսվի այն հատվածի սահմանազատումը, որը չի վիճարկվում. Նիկոլ Փաշինյան
«Հայաստան» խմբակցությունից Էլինար Վարդանյանն ու Գեղամ Նազարյանն այսօր արձագանքեցին Փաշինյանին։
«Բա ինչո՞ւ է այդ պատի անհրաժեշտությունն առաջանում, եթե շեշտում են, որ սա դեպի խաղաղություն, դեպի երջանկություն տանող ճանապարհ է», - ասաց Գեղամ Նազարյանը։
Էլնար Վարդանյանն էլ հավելեց․ - «Ես ուզում եմ այսօր այդ հարցը տալ այսօրվա իշխող ուժի ներկայացուցիչներին՝ սկսած Փաշինյանից, վերջացրած ՔՊ-ական պատգամավորներից՝ ո՞ր մեկը կտանի իր երեխային էդ ծառերի տակ կնստացնի էդ դպրոցում դաս սովորելու։ Ծառերը տավուշցի երեխաների համար պաշտպանության միջոցնե՞ր են, իրենց երեխաների համար այլ պաշտպանության միջոցներ կա՞ն»։