«Որ չանցնեն սահմանը՝ ականազերծեն, դրա համար ենք այստեղ սպասում». իրավիճակը Կիրանցում

Կիրանց, Տավուշ, 1-ը մայիսի, 2024թ.

Ինչպես Վրաստան տանող ճանապարհին, այնպես էլ Կիրանց գյուղի սկզբնամասում մարդիկ շարունակում են դեմ արտահայտվել՝ երկու հատվածներում էլ արդեն երկրորդ շաբաթն է՝ բողոքի ակցիաներ են։ Այստեղ վրաններ են տեղադրված, քաղաքացիներ են գալիս ոչ միայն Տավուշից, այլև այլ մարզերից։

Մարդիկ համոզված են, որ այս սահմանազատման արդյունքում ադրբեջանական կողմին են անցնելու նաև հայկական որոշ տարածքներ, այդ թվում՝ Կիրանցից։ Նրանք նման եզրակացության էին եկել կառավարության հրապարակած քարտեզից։

Այդ քարտեզը հրապարակված է, սակայն հստակ չէ, թե օրինակ՝ Կիրանցում սահմանը որտեղով է անցնելու, ինչն է անցնելու Ադրբեջանին։

Մարդիկ տարակուսած են, մտահոգություն ունեն, թե կարող է իրենց տներն էլ անցնեն ադրբեջանական կողմին, կամ չեզոք գոտի դառնա, կամ իրենք ստիպված լինեն գտնվել սահմանից մետրերի հեռավորության վրա։

Կիրանցը

Գյուղի հենց սկզբնամասում՝ Ադրբեջանին անցնող կամրջին մոտ է մթերային խանութներից մեկը: Սեփականատեր Նվարդ Սիմոնյանը պնդում է՝ տարածքը պետությունից վարձակալել ու կադաստրի վկայական ունի, հարկեր, տուրքեր է վճարել: 46-ամյա կինը հարցնում է՝ եթե ադրբեջանական էր այդ տարածքը, ինչո՞ւ է պետությունն իրեն վկայական տվել, և այդքան ժամանակ ինքը հարկեր է վճարել։

«Հիմա գտնվում ենք ադրբեջանական տարածքում՝ ըստ իրենց, վարձակալական հող, է օրինական մուծումներն անում ենք։ Փաստորեն, ո՞ւմ ենք արել մինչև հիմա այս մուծումները՝ չգիտենք։ Մեզ չեն կարող համոզել, որովհետև մենք գիտենք, որ սա հայկական տարածք է, մեր հողն է, մեր գյուղն ու հայրենիքն է։ Ո՞ւմ պետք է հավատանք։ Մենք գիտենք, որ սա մերն է, ոչ մի անգամ այս հողը ադրբեջանական չի եղել, նույնիսկ սովետական միության ժամանակ, բայց հիմա ասում են կադաստրային թյուրիմացություն է։ Նիկոլ Փաշինյանն է ասել՝ 50 մետր է էլի, ասում ա՝ առավոտ կգաք, բարլուս կանեք, առևտուր կանեք... ի՞նչ ա առևտրի կետ է այստեղ բացվում, չգիտենք», - ասաց նա։

46-ամյա կիրանցեցի կինը տարակուսած է՝ ի՞նչ է սպասվելու իրենց սահմանազատումից հետո. - «Գյուղն ենք կորցնում, տունը, բիզնեսը։ Եթե թուրքը մտնի գյուղը, բա ո՞նց պետք է անենք։ Հիմա առայժմ նենց ենք անում, որ թույլ չտանք, բայց եթե արդեն ճեղքեն, չեմ կարող ասել՝ ոնց կլինի։ Հույսով ենք, որ կկանխենք, էլ ուրիշ ճար չունենք»։

Չնայած ըստ տեղացիների՝ հարևան Բաղանիսում ու Ոսկեպարում արդեն իսկ սահմանազատումը նախնական իրականացվել է, Կիրանցում սպասողական վիճակում են, ասում են՝ մի անգամ արդեն իսկ խոչընդոտել են ականազերծման աշխատանքներին։ Հիմա, նշում են, հենց այդ նպատակով էլ հերթապահում են գյուղի սկզբնամասում, որ թույլ չտան մասնագետների մուտքը։

«Որպեսզի չանցնեն սահմանը՝ գնան, ականազերծեն, այդ աշխատանքները կատարեն, դրա համար ենք այստեղ սպասում։ Հուսով ենք, որ կկանխենք, ուրիշ ճար չունենք», - նշեց նա։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Այս «տոչկեքով» կամուրջն էլ է անցնում, մոտ 120 մետր էլ վերև». Կիրանցի ղեկավար

Երևանն ու Բաքուն վերջին անգամ հայտարարել են, որ արդեն 35 սահմանասյուն են տեղադրել Տավուշ - Ղազախ հատվածում։