24 ժամ է անցել Կիրանցի բնակիչների ու վարչապետի հանդիպումից, գյուղում չեն հանգստանում։ Ի՞նչ են ասել հանդիպման եկած գյուղի 12 բնակիչներին վարչապետ Փաշինյանը, փոխվարչապետ Գրիգորյանը, պաշտպանության նախարարը։
«Էնքան անտրամադիր վիճակ ա, ես հիմա հարցազրույց տալու տրամադրություն չունեմ, էլի: Ոչ մի նոր բան, ոչ մի լավ բան», - «Ազատությանը» ասաց կիրանցիներից մեկը:
Կիրանցիների ու վարչապետի հանդիպումը շուրջ երեք ժամ տևեց, հետո մարդիկ դուրս եկան հուզված, լարված, մոլորված... Այդ ընթացքում ոստիկանները պատ էին ստեղծել և լրագրողներին արգելում էին մոտենալ բնակիչներին։ Այդպիսի հնարավորություն ունեցավ միայն «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը, որ ծնունդով Կիրանցից է:
«Դուք բոլորդ շատ հուզված դուրս եկաք, ինչո՞ւ», - «Ազատության» հարցին հանդիպման մասնակից մի կին պատասխանեց. - «Որովհետև էս մարդիկ ըտեղ չեն ապրելու, Կիրանցում»:
«Բնակիչներին էլի նորից անորոշության մեջ են դրել, տագնապի մեջ են դրել, մարդիկ արդեն մտածում են ամենավատի մասին, էդպես ասեմ: Որովհետև էն պահանջները, էն խնդրանքը, էն ողջամիտ առաջարկները, որ արվել է կիրանցիների կողմից, ոչ մեկը ընդունելի չի եղել», - ասաց Նազարյանը՝ «Ազատության» հարցին ի պատասխան մանրամասնելով առաջարկները. - «Որ, ասենք, սահմանը անցնի էսպես, որ սահմանը էնպես անցնի... ոչ միայն կամուրջը, գոնե վերջին տարբերակով՝ սահմանը ոնց անցել է խորհրդային Հայաստան, խորհրդային Ադրբեջան՝ էդ տարիներին, գոնե տենց անցնի»:
«Շոկի մեջ են մարդիկ, մեկը ասում ա՝ «տունս եմ վառելու», մյուսը ասում ա, չգիտեմ, «տանկ եմ բերելու տանս առաջ կանգնացնեմ», մյուսը ասում ա՝ «չգիտեմ ինչ եմ անելու»: Ի՞նչ անի մարդը, եթե իրեն եկել են հանկարծ ասում են՝ «գիտե՞ս, սահմանը, որ նույնիսկ ոչ թե որ սովետական տարիներին ա անցել՝ էդ ձևով պիտի անցնի»... ասում ա՝ պարզվում ա, Սովետական Միության տարիներին չեն իմացել սահմանը ոնց ա անցնում, հիմա նոր սահման են հորինում», - շարունակեց ընդդիմադիր պատգամավորը:
Ի՞նչ են ի վերջո ասել Կիրանցի բնակիչներին՝ մինչև այժմ հայտնի էր, որ Տավուշ-Ղազախ սահմանի 4 գյուղերի փոխանցմամբ Ադրբեջանին է անցնում նաև գյուղի կամուրջը՝ հարակից տարածքով, որ հարևան Խեյրիմլիինն է եղել խորհրդային տարիներին։
Կառավարության տարածած պաշտոնական հաղորդագրությունը, մեղմ ասած, շատ բան չի ասում. - «Կիրանցիները բարձրաձայնել են իրենց հուզող բոլոր հարցերը: Վարչապետը հանգամանալից ներկայացրել է առկա գործընթացը եւ շեշտել, որ բոլոր խնդիրներին կառավարությունում քաջածանոթ են։ Առաջարկվել է տեղում սկսել աշխատանքները, և համատեղ քննարկումների միջոցով բարձրացվող հարցերին տալ լուծումներ»։
«Մեզ համար այլևս լավ չի լինելու», - այս եզրակացությամբ է հանդիպումից հեռացել Վլադիմիր Շահինյանը, որ երկու երեխաներին է մեծացնում Կիրանցում։ - «Վարչապետին էլ ասեցի՝ իմ էրեխեն, որ տեսել ա էդ վիշտը, իրանք 44-օրյա պատերազմին իրանց քեռուն են կորցրել, իմ էրեխեն հասկանում ա դա էդ ինչ ա, իմ էրեխեն չի կարա Ադրբեջանի հետ ապրի հանգիստ, խաղաղ»:
Վլադիմիրը պատմում է՝ իրենց ասել են՝ շուտով գեոդեզիստներ կգան գյուղ, այդ ժամանակ կհստակեցվեն սահմանի կետերը. - «Կա՝ տան շեմով անցնում, կամ տան մեջով ա անցնում, կամ տանից հետո ա անցնում, այ էլի կոնկրետ պատասխան չկա, էլի, ասում ա՝ պետք ա գան գեոդեզներով, որ փորձեն հասկանան ինչ ա կատարվում: Եթե գա դպրոցի հայաթով անցնի, ո՞նց կարա ըտեղ դպրոց աշխատի, էրեխա դասի գնա, կամ ըտեղ գյուղացին ապրի: Եթե տանդ դուռը բացես տենաս ադրբեջանցին ա կանգնած, դու կարա՞ս իրա հետ խաղաղ ապրես, էսքան արյուն թափելուց հետո: Չենք կարա իհարկե»:
«Սահմանապահները, ի՞նչ ա անելու սահմանապահը, կանգնելու ա, հա: Ես չեմ հավատում, որ Ադրբեջանի կարա էդ հանգիստը ապահովի, ինքը հանգիստ չի մնա», - պնդեց Շահինյանը:
Կիրանցից մեկ այլ բնակիչ Անդրանիկ Նազարյանը, որ սահմանազատման աշխատանքային խմբի անդամ էր՝ կառավարական առաջին հանդիպման հենց հաջորդ օրը դուրս եկավ խմբից, երեկ էլ մասնակցել է քննարկմանը՝ տրամադրության փոփոխություն միայն դեպի անկում. - «Վարչապետը էնպիսի բաներ ա ասում, որ չգիտեմ էդ ինչ ա, ամենամղձավանջ երազում չէինք պատկերացնի՝ Ադրբեջանի սահմանը բերում ա հասցնում ա մեր գյուղի, ոչ թե գյուղի տարածքը, այլ գյուղի մեջ ա մտցնում»:
Անդրանիկ Նազարյանը պնդում է՝ իշխանության հրապարակած սահմանազատման քարտեզը խորհրդային քարտեզից տարբերվում է։ Կիրանցի հատվածում ադրբեջանցիները խորանում են դեպի գյուղ, սովետի տարիներին, պնդում է, դա Կիրանցի տարածքն է եղել, ոչ թե Խեյրիմլիինը։ Ընդամենը 80 տուն ունեցող Կիրանցը 90-ականների պատերազմում 14 զոհ է ունեցել: «Հիմա գոնե պահենք այն, ինչ մերն է եղել», - հուսահատվում է Նազարյանը: «Էդ ամեն ինչը հողին հավասարեցնել, մի հատ էլ բոնուսով հանձնել ադրբեջանցիներին՝ անհասկանալի ա, ուղղակի անհասկանալի», - ընդգծեց նա:
Կիրանցի բնակիչը պատմում է՝ Կառավարության շենքում ի պատասխան բնակիչների մտահոգություններին, թե ադրբեջանական սահմանը ոչ թե իրենց գյուղն է շոշափում, այլ գյուղ է մտնում, լսել են՝ «վտանգում եք Հայաստանի պետականությունը»:
«Ես չեմ հասկանում՝ մեր գյուղի հողերը հատկացնելը, կամ ընդհանրապես Հայաստանի Հանրապետության հողեր հատկացնելը, օտար պետությանը, հատկապես՝ թշնամի պետությանը, դա ի՞նչ ա վտանգում մեր պետականությունը, ես չգիտեմ», - ասաց Անդրանիկ Նազարյանը:
Գյուղում հիմա սպասում են՝ սահման չափող-գծողները երբ են գալու, չգիտեն:
Երեկ Երևան եկած կիրանցիներից Վլադիմիր Շահինյանին շատ անսովոր էր թվացել երևանյան մթնոլորտը. - «Էրեկ որ քաղաք ենք էղե, էս ժողովրդի էդ հանգստությունը, էդ բանը որ տենում եմ, չեմ կարում հասկանամ ժողովրդի էդ խաղաղությունը»:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Կիրանցիները վարչապետի հետ հանդիպումից հետո հիասթափված են վերադարձել գյուղ«Բնակիչներին նորից անորոշության մեջ են դրել». Կիրանցիները հուզված դուրս եկան կառավարությունից