ՊՆ-ն հաղորդում է Բերքաբերի մոտ պայթեցման աշխատանքի մասին

Պաշտպանության նախարարությունը հաղորդում է այսօր Բերքաբերի մոտ սպասվող պայթեցման աշխատանքի մասին։

«Այսօր՝ ժամը 08:10-08:40-ը, Տավուշի մարզի Բերքաբեր բնակավայրից 1540մ հյուսիս-արևելք տեղի է ունենալու պայթեցման աշխատանք՝ 1 պայթյուն։

Հարակից տարածքի բնակիչներին խնդրում ենք ընդունել ի գիտություն և խուճապի չմատնվել», - ասված է գերատեսչության հաղորդագրության մեջ:

Մեկ շաբաթ առաջ՝ ապրիլի 22-ին, գերատեսչությունը հայտնել էր Ոսկեպար - Աշաղը Ասկիպարա միջտարածքում` գետից ձախ հատվածում և Բաղանիս Այրումից 750մ հյուսիս-արևելք հատվածում, ականազերծման աշխատանքների շրջանակում պայթեցման աշխատանքների իրականացման մասին։

Դա հաջորդել էր Երևանի ու Բաքվի հայտարարությանը, որ «նախնական համաձայնեցրել են»՝ Տավուշ-Ղազախ սահմանի որոշ հատվածներ համապատասխանեցնել «Խորհրդային Միության փլուզման պահի դրությամբ գոյություն ունեցող միջհանրապետական սահմանին»։ Ըստ այդմ, հայկական կողմը հետ կքաշվի Բաղանիս-Այրում, Աշաղը Ասկիպարա, Խեյրիմլի ու Ղըզըլհաջիլի գյուղերի ուղղություններով։

Գործընթացն առայժմ չի վերաբերում Բերքաբերի դիմաց գտնվող հայկական տարածքներին, որոնք Ադրբեջանի վերահսկողության տակ են, և Ոսկեպարին հարակից միջպետական ճանապարհի հատվածին, որը դեռ մնում է հայկական վերահսկողության տակ:

Մինչ այժմ հայտարարվել է Հայաստան - Ադրբեջան սահմանին ընդհանուր թվով 28 սահմանային սյան տեղադրման մասին: