Քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ավտոճանապարհը, հայտնում է Տավուշը հանուն հայրենիքի ֆեյսբուքյան էջը։
Գիշերը փակվել է նաև Մարտունի-Վարդենիս ավտոմայրուղին։ Շարժման մասնակիցները Երևանի փողոցներում Տավուշում տեղադրված սյուների մակետներ են տեղադրել, նշելով՝ «այս ընթացքով միակողմանի զիջումները կհասնեն նաև մայրաքաղաքին»։
Կեսօրն անց էլ փակվել է Վայք-Եղեգնաձոր ճանապարհը։
Նման կերպ քաղաքացիներն իրենց դժգոհությունն են հայտնում Տավուշում ընթացող սահմանազատմանը։ Նշում են, որ միակողմանի զիջումներ են արվում, անվտանգային լուրջ խնդիրներ են ստեղծվում։ Գործընթացն ուղեկցվում է բողոքի ակցիաներով ինչպես սահմանի տվյալ հատվածի, այնպես էլ Հայաստանի այլ շրջաններում, այդ թվում՝ Երևանում:
Իշխանությունները, մինչդեռ, հայտարարում են, որ սրանով անվտանգային ռիսկերն են նվազում։ Վարչապետ Փաշինյանը հույս է հայտնել, որ սահմանազատման գործընթացում Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը կվերականգնվի։
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են, շեշտել է Նիկոլ Փաշինյանը։
Ապրիլի 19-ին Երևանն ու Բաքուն հայտարարեցին, թե «նախնական համաձայնեցրել են»՝ Տավուշ-Ղազախ սահմանի որոշ հատվածներ համապատասխանեցնել «Խորհրդային Միության փլուզման պահի դրությամբ գոյություն ունեցող միջհանրապետական սահմանին»։
Ըստ այդմ, հայկական կողմը հետ կքաշվի Բաղանիս-Այրում, Աշաղը Ասկիպարա, Խեյրիմլի ու Ղըզըլհաջիլի գյուղերի ուղղություններով։
Գործընթացն առայժմ չի վերաբերում Բերքաբերի դիմաց գտնվող հայկական տարածքներին, որոնք Ադրբեջանի վերահսկողության տակ են, և Ոսկեպարին հարակից միջպետական ճանապարհի հատվածին, որը դեռ մնում է հայկական վերահսկողության տակ:
Մինչ այժմ հայտարարվել է Հայաստան - Ադրբեջան սահմանին ընդհանուր թվով 28 սահմանային սյան տեղադրման մասին:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Կիրանցում համեմատաբար հանգիստ է, անորոշությունը, սակայն, մնում է ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. ՔՊ պատգամավոր