Կիրանցում համեմատաբար հանգիստ է, անորոշությունը, սակայն, մնում է

Կիրանցում այսօր համեմատաբար հանգիստ է, բայց մարդիկ շարունակում են անորոշության մեջ մնալ, ուզում են հասկանալ՝ ի վերջո, այս գործընթացից հետո իրենց կյանքը ինչպե՞ս են կազմակերպելու այստեղ:

Հայկական կողմի հրապարակած քարտեզի համաձայն, օրինակ, գյուղ բերող ճանապարհի, իսկ սա միջպետական ճանապարհ է, մի հատվածն անցնելու է ադրբեջանական կողմին, նաև տներ կան, այլ շինություններ, բայց որևէ հստակություն, թե ինչ է լինելու, չկա:

Մարդիկ նեղսրտում են, բարկանում են, ասում են՝ անգամ պարզաբանումներ իրենց չեն տրվում, իսկ իրենց միակ ցանկությունը այստեղ հանգիստ ու խաղաղ ապրելն է, չեն պատկերացնում, թե ինչ է լինելու հետո:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Տունը իմն ա, ճանապարհը՝ բոլորինս». ինչ է փոխվելու Կիրանցի կամրջի՝ Բաքվին անցնելուց հետո

Այսօր օրվա երկրորդ կեսին Կիրանց հասավ «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության ղեկավար, քաղաքագետ Սուրեն Պետրոսյանը, ով արդեն մի քանի շաբաթ է այստեղ է և օրերս ձերբակալվել էր: «Ազատության» հետ զրույցում նա հայտարարեց, որ քաղաքացիների այս շարժումն իր վերջո արդյունք է տալու, և հասնելու են իրենց նպատակներին:

Դիտարկմանը՝ այս ակցիաներին զուգահեռ աշխատանքներն ընթանում են, և պաշտոնապես արդեն հայտարարվել է, որ սահմանազատման աշխատանքների 30 տոկոսից ավելին արդեն իրականացվել է, Պետրոսյանն արձագանքեց. - «Ես ասում եմ՝ էս պահին առաջին անհրաժեշտ, բայց ոչ բավարար քայլը էս գործընթացը կասեցնելն է: Հաջորդ քայլի մասին անպայման կասենք»:

Նախօրեին իրավիճակը Կիրանցում կտրուկ լարվեց, բնակիչները հենց այդ հատվածից, որը, ըստ վերոհիշյալ քարտեզի, ադրբեջանական կողմին է անցնելու, դուրս եկող առանց պետհամարանիշի մգեցված ապակիներով մեքենա էին նկատել, ուզում էին հասկանալ՝ ով կա ներսում, անգամ կասկածներ ունեին, թե կարող էին նաև ադրբեջանցիներ լինել, փակել էին մեքենայի ճանապարհը, սակայն ոստիկանական ուժեր բերեցին, և արդեն ուժի գործադրմամբ ճանապարհը բացվեց: Դրան հաջորդեցին բախումներ, որոնց փաստով քրեական վարույթ է հարուցվել:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Կիրանցի բախումների փաստով երկու վարույթ է հարուցվել, ապա դրանք միացվել ենԳիշերը Կիրանցի ակցիայի վայր էին ժամանել զինվորականներ. Քննչականը մանրամասնում էԲախումներ քաղաքացիների և սևբերետավորների միջև՝ Կիրանցում Կիրանցում արգելափակել են առանց պետհամարանիշի մեքենայի ելքը, տեղում ոստիկաններ են

Միջադեպի վայրում գյուղի տղամարդիկ հսկողություն են իրականացնում, կարելի է ասել՝ շուրջօրյա, փորձում են հասկանալ՝ ինչ մեքենաներ են գնում-գալիս: Ճանապարհի փակված հատվածը ճիշտ վերևում է:

Այսօր օրվա առաջին կեսին նախօրեին տեղի ունեցածի մասին խոսեց Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը. - «Երեկ գիշերը առանց համարների, մգեցված ապակիներով, անհայտ ինքնության մարդիկ թափանցել են մեր տարածք, մեր ժողովրդի կյանք, և դա պատճառ է եղել բորբոքման, ընդվզման՝ արդարացի կերպով: Պահանջները, պայմանները՝ այնպես, ինչպես ժողովուրդը դրել էր, պահանջել էր, չի կատարվել ամբողջությամբ, և փոխարեն դրան՝ ներգրավվել են ոստիկանական ուժեր: Ժողովրդի զայրույթը և անվստահությունը այն էր, թե ովքեր են այն մարդիկ, որ գտնվում են մեքենայի մեջ՝ այդպիսի ծածկույթով մեքենայի մեջ, բոլոր հնարավոր տվյալները ծածկված: Եվ նաև պահանջն էր, որպեսզի իջնեն, նույնիսկ 10 մետր հետ գնան, կամ մի քանի մետր, և տեսնեն այդ մարդկանց և իրենց հարցերն ուղղեն, եթե նրանք քարտեզագրողներ են պրոֆեսիոնալ, եթե որևէ կերպով չափագրողներ են պրոֆեսիոնալ, ասենք, լուրջ խոսակցություն լինի, բանական՝ այդուհանդերձ, ասելով, որ միակողմանի զիջումները անընդունելի են, ապօրինի են»:

Ոսկեպարից Բաղանիս ճանապարհը շարունակում է փակ մնալ՝ Պարեկային ծառայության մեքենաներ են փակել ճանապարհը, հենց այդ հատվածում էին սահմանազատման ճանապարհներ ընթանում: Այսինքն, ստացվում է, որ աշխատանքներն այդ հատվածում դեռ չեն ավարտվել:

«Ազատության» թղթակիցը մյուս ճանապարհով հասավ մինչև Բաղանիս, և հենց այդտեղ մեր տեսախցիկը մի սյուն ֆիքսեց՝ հնարավոր է՝ օրերս տեղադրված սահմանային սյուներից մեկը:

Բաղանիսի բնակիչներից մեկն «Ազատությանը» պատմեց, որ հենց այդ հատվածում զինվորականների շարժ է եղել, և ըստ էության՝ այդ կողմից են սկսվել սահմանազատման աշխատանքները և արդեն այդ ուղղությամբ իջել են դեպի Ոսկեպարի հատված:

Ավելի վաղ Կիրանցի գյուղապետը տեղեկացրել էր, որ առաջին փուլով Ոսկեպար-Բաղանիս հատվածն է սահմանազատվելու, ինչից հետո նոր անցնելու են Կիրանցին:

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուներ