Ռուսաստանի և Բելառուսի վրա Արևմուտքի հարձակումները տանում են դեպի հակամարտություն, բայց Մոսկվան և Մինսկն ամեն ինչ անում են կայունություն ապահովելու համար, ՏԱՍՍ ռուսաստանյան լրատվական գործակալությանն ասել է Բելառուսի անվտանգության խորհրդի պետական քարտուղարի առաջին տեղակալ Պավել Մուրավեյկոն։
Նա ուշադրություն է հրավիրել «ագրեսիվ հարձակումների» վրա, որոնց ենթարկվում են Ռուսաստանը և Բելառուսը, «դրանք են պատժամիջոցները, փակ սահմանները, սահմանին պարիսպ կառուցելը և մարտական ստորաբաժանումներ մոտեցնելը»։
«Այս ամենը խոսում է այն մասին, որ օդում պատերազմի հոտ է գալիս, բայց Բելառուսի Հանրապետության ղեկավարությունը և Ռուսաստանի Դաշնության ղեկավարությունն արևմտյան ուղղությամբ» անում են հնարավորը և նույնիսկ անհնարինը՝ խաղաղությունը և կայունությունը պահպանելու համար», - ասել է Մուրավեյկոն:
Ռազմավարական զսպող գործոնների թվում նա նշել է Բելառուսի տարածքում ռուսական մարտավարական միջուկային զենքի տեղակայումը և բելառուսական բանակի ակտիվ վերազինումը: