Աղդամում ռուս-թուրքական համատեղ մոնիտորինգի կենտրոնը պաշտոնապես դադարեցրեց գործունեությունը

Աղդամում այսօր տեղի է ունեցել ռուս-թուրքական համատեղ մոնիտորինգի կենտրոնի փակման պաշտոնական արարողությունը, հաղորդում է ադրբեջանական APA գործակալությունը։

Արարողության մեկնարկին հնչել են Ադրբեջանի, Թուրքիայի և Ռուսաստանի պետական օրհներգերը։

Ադրբեջանի գլխավոր շտաբի պետ Քերիմ Վելիևը շնորհակալություն է հայտնել թուրք և ռուս զինծառայողներին 2021 թվականի հունվարի 30-ից «բարեխիղճ և խիզախ ծառայության համար՝ ի շահ տարածաշրջանում խաղաղության և կայունության»։

Նաև նշվել է, որ «մեկնարկել է խաղաղապահ զորախմբի ամբողջական դուրսբերման գործընթացը, որը ժամանակավորապես տեղակայվել էր Ադրբեջանի Ղարաբաղի տնտեսական շրջանում՝ համաձայն Ադրբեջանի, Ռուսաստանի և Հայաստանի ղեկավարների 2020-ի նոյեմբերի 10-ին ստորագրած համաձայնության»։

Անցած շաբաթ թուրքական կողմը հաղորդեց, որ Աղդամում ռուս-թուրքական համատեղ մոնիտորինգի կենտրոնի գործունեությունը կդադարեցվի։

Ռուս-թուրքական դիտորդական կենտրոնն Աղդամում տեղակայվել էր 44-օրյա պատերազմից հետո Անկարայի ու Մոսկվայի միջև ձեռք բերված պայմանավորվածության համաձայն։ Կենտրոնի նպատակը «Ղարաբաղում հրադադարի ռեժիմի պահպանմանը հետևելն էր»։ Այդ կենտրոնի գործունեությամբ ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան փաստացի առաջին ռազմական ներկայությունն ապահովեց Հարավային Կովկասում։

Անցած շաբաթ Մոսկվան էլ հաստատել էր, որ Լեռնային Ղարաբաղից հեռանում են 2020-ի պատերազմից հետո այնտեղ տեղակայված ռուս խաղաղապահները։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ռուս խաղաղապահները լքել են Ղարաբաղը, քանի որ նրանց համար այլևս գործառույթներ չեն մնացել. Պեսկով

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ինչո՞ւ են ռուս խաղաղապահները ժամկետից շուտ հեռանում Լեռնային Ղարաբաղից