Միացյալ Նահանգների Պետքարտուղարությունն ու միջազգային հեղինակավոր երկու իրավապաշտպան կառույց՝ Amnesty International-ը և Freedom House-ն ահազանգում են Հայաստանում ոստիկանների բռնությունների ու խոշտանգումների մասին։ ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչությունը մարդու իրավունքների մասին իր տարեկան զեկույցում անդրադարձել է նաև հայաստանյան դատական համակարգի անկախության խնդրին։
«Չնայած օրենքը նախատեսում է անկախ դատական համակարգ, դատական համակարգը չի դիտվում որպես անկախ կամ անաչառ՝ կոռուպցիայի և քաղաքական ազդեցության, բարեփոխումներին դիմադրության և աղմկահարույց սկանդալների պատճառով: Չհաստատված տեղեկություններ կային դատավորների վրա ազդելու՝ Կառավարության և նախկին ռեժիմի ներկայացուցիչների փորձերի մասին», - ասված է Պետդեպարտամենտի զեկույցում:
Պետքարտուղարությունը շեշտել է՝ Հայաստանում անցած տարի շարունակվել են կամայական ձերբակալություններն ու կալանքները, սեռական փոքրամասնությունների նկատմամբ բռնության կամ բռնության սպառնալիքների դեպքեր են արձանագրվել։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Խոշտանգումներ, կամայական ազատազրկումներ, դատարանների անկախության խնդիրներ․ ԱՄՆ Պետդեպի զեկույցը Հայաստանի մասինAmnesty-ն, իր հերթին, տարեկան զեկույցում օրինակ է բերել անցած տարի փողոցային ակցիաների ժամանակ իրավապահների կողմից ուժի անօրինական կիրառման դեպքերը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ոստիկանական բռնություններ, ճնշումներ լրագրողների նկատմամբ․ Amnesty International-ը՝ Հայաստանի մասինՊաշտպանը համաձայն է՝ գրեթե բոլոր ոլորտներում խնդիրներ կան
«Տեղեկատվությունը, բնականաբար, նրանք նաև մեզանից են ստանում, այդ թվում՝ մեր կողմից հրապարակային աղբյուրներում հրապարակված միջոցներից», - ասաց Հայաստանի մարդու իրավունքերի պաշտպան Անահիտ Մանասյանը:
Մանասյանը համաձայն է՝ գրեթե բոլոր ոլորտներում խնդիրներ կան, Պաշտպանի գրասենյակն էլ է դրանք արձանագրել ու լուծումներ առաջարկել։ Մանասյանը, սակայն, այսօր խուսափեց հստակ գնահատականներից ու ձևակերպումներից։
«Կան ոլորտներ, որտեղ արձանագրել ենք, բնականաբար, խնդիրների լուծումներ, այդ թվում՝ մեր միջամտությամբ և իրավասու մարմինների կողմից համագործակցությամբ, և, բնականաբար, մարդու իրավունքների հետ կապված առկա են խնդիրներ, որոնք պետք է լուծում ստանան», - նշեց ՄԻՊ-ը:
Մարդու իրավունքները պաշտպանը ևս շատ է համարում կալանավորման դեպքերը։ Ըստ նրա՝ բանտարկված անձանց կեսից ավելին կալանավորներ են, ոչ թե դատապարտյալներ։
«Ես տեղյակ եմ ընդհանրապես Հայաստանում կալանքի կիրառման դեպքերի մասին և ուզում եմ հատուկ նշել, որ այստեղ չէի ուզենա շեշտադրումը կատարել հենց հայտնի գործիչների հետ կապված դեպքերին, որովհետև մյուս մարդկանց, սովորական քաղաքացիների հետ կապված ևս դեպքերը շատ են», - ընդգծեց Մանասյանը:
«Հայաստանը ժողովրդավար է, թե՝ չէ, չի որոշում Freedom House-ը»
«Ազատություն»-ն այսօր նաև իշխող ուժից փորձեց մեկնաբանություն ստանալ, սակայն պատգամավորներից ոմանք ասում էին՝ հարմար չէ, ոմանք էլ պարզապես զանգերն անպատասխան թողեցին:
Օրերս «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանն անդրադարձել էր Freedom House-ի՝ Հայաստանում ժողովրդավարական կառավարման վարկանիշի անկման վերաբերյալ զեկույցին։ Պատգամավորը հայտարարել էր, թե Հայաստանի ժողովրդավարությունը Freedom House-ը չի որոշում։
«Ամենայն հարգանքով Freedom House-ի մեր գործընկերների նկատմամբ, բայց Հայաստանի Հանրապետությունը ժողովրդավար է, թե՝ չէ, չի որոշում Freedom House-ը: Հայաստանի Հանրապետությունը ամենօրյա ռեժիմով աշխատում է իր ժողովրդավարությունն ամրացնելու և զարգացնելու վրա: Մենք գնահատում ենք բոլոր մեր միջազգային գործընկերների զեկույցները, ելնում ենք դրանից, ընդունում ենք ի գիտություն և շարունակում ենք զարգացնել մեր ժողովրդավարությունը», - ասել էր իշխանական պատգամավորը:
Հովհաննիսյանն անգամ պնդել էր, որ Հայաստանն ամենաժողովրդավարական երկրներից է ու այդպես էլ շարունակելու է մնալ։
Ըստ միջազգային հեղինակավոր իրավապաշտպան կառույցի, Հայաստանի ժողովրդավարական կառավարման վարկանիշը նվազել է՝ 2.50-ից հասնելով 2.25-ի։ Freedom House-ը ժողովրդավարական կառավարման անկումը հիմնավորել էր իշխանությունների կողմից ընդդիմադիր քաղաքապետերին պաշտոնանկ անելու և իշխող կուսակցության ֆինանսական միջոցների թափանցիկության պակասի պատճառներով։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Freedom House-ը մտահոգված է Հայաստանում ոստիկանական բռնության մասին հաղորդումների աճովFreedom House-ը երեկ նաև հայտարարել էր, որ մտահոգված է ոստիկանների բռնության մասին հաղորդումների աճով, որպես օրինակ ներկայացրել ընդդիմադիր հայացքներ ունեցող Սամվել Վարդանյանի նկատմամբ բռնության մասին հաղորդումները։ Իշխանական Հակոբ Ասլանյանին երթուղայինում վիրավորական խոսքեր ասելուց հետո Վարդանյանին ձերբակալել էին, հետո նրա պաշտպանները հայտարարեցին նրա նկատմամբ բռնության մասին։
Փաստաբան Ռուբեն Մելիքյանը պնդում է. - «Մենք ապացուցեցինք, որ սա ոստիկանության կազմակերպած գործողությունը չէ: Մենք հրապարակավ դա ապացուցեցինք, ցույց տալով, որ ոստիկանությունը, ի տարբերություն շատ ու շատ ոստիկանական բռնության այլ դեպքերի, ուղղակի որևէ մոտիվացիա չուներ, որևէ դրդապատճառ չուներ բռնության դիմելու: Դրդապատճառ ուներ քաղաքական իշխանությունը»:
Իշխանությունների ընդդիմախոս իրավապաշտպանը թերահավատ է, թե իրավապահները կբացահայտեն Սամվել Վարդանյանի բռնության դեպքը, մինչդեռ, պնդում է, խոշտանգման բազմաթիվ ապացույցներ կան։ Վարդանյանի խոշտանգման դեպքով քրեական գործ է հարուցվել, սակայն դեռ հայտնի չէ՝ արդյոք մեղադրյալներ կան, թե՝ ոչ։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Տնային կալանք և 7 մլն դրամ գրավ․ դատարանը բավարարել է Սամվել Վարդանյանին կալանավորելու ՔԿ միջնորդությունը