Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը մտահոգված է Հայաստանում ոստիկանական բռնության մասին հաղորդումների աճով:
Կազմակերպությունն X-ի միկրոբլոգում գրառմամբ Հայաստանի իշխանություններին կոչ է անում հետաքննել «անհամաչափ ուժի և անմարդկային վերաբերմունքի շարունակական դարձած դեպքերը և համագործակցել քաղաքացիական հասարակության հետ՝ խթանելու և իրականացնելու ոստիկանության բովանդակային բարեփոխումներ»:
Հեղինակավոր իրավապաշտպան կազմակերպությունը գրառման հետ կցել է Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի հաղորդագրությունը Սամվել Վարդանյանին մի խումբ դիմակավորված անձանց կողմից ծեծի ենթարկելու տեղեկության առնչությամբ նրան այցելելու մասին։
Քննչական կոմիտեն քրեական վարույթ է նախաձեռնել Ազգային ժողովի իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանի դեպքով կալանավորված Սամվել Վարդանյանի նկատմամբ առերևույթ բռնություններ կատարելու վերաբերյալ հաղորդման առիթով։
Վարդանյանը տուժող է ճանաչվել։ Պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ օրերս տրանսպորտում տեղի ունեցած միջադեպից հետո ձերբակալված երիտասարդն իրեն այցելած պատգամավորներին ու փաստաբաններին պատմել էր ոստիկանների ուղեկցությամբ ձերբակալվածների պահման վայր տեղափոխվելիս ապրիլի 15-ի գիշերը իր նկատմամբ իրականացված բռնության մասին։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Սամվել Վարդանյանը տուժող է ճանաչվել․ ՔԿ-ն վարույթ է նախաձեռնել ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Խոշտանգումներ, կամայական ազատազրկումներ, դատարանների անկախության խնդիրներ․ ԱՄՆ Պետդեպի զեկույցը Հայաստանի մասին