ՊՆ-ն հայտնում է Տավուշում այսօր սպասվող ականազերծման ու պայթեցման աշխատանքների մասին

ՊՆ շենքը, Երևան

Պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է այսօր երեկոյան Տավուշի մարզում սպասվող ականազերծման աշխատանքների շրջանակում պայթեցման աշխատանքների մասին։

«Ապրիլի 22-ին՝ ժամը 20:10-20:30-ն ընկած ժամանակահատվածում, Ոսկեպար - Աշաղը Ասկիպարա միջտարածքում` գետից ձախ հատվածում և Բաղանիս Այրումից 750մ հյուսիս-արևելք հատվածում, ականազերծման աշխատանքների շրջանակում տեղի կունենան պայթեցման աշխատանքներ՝ վերը նշված հատվածներից յուրաքանչյուրում մեկական պայթյուն:

Հարակից հատվածի բնակչությանը խնդրում ենք խուճապի չմատնվել», - ասված է գերատեսչության հաղորդագրության մեջ:

Գրեթե երկու օրվա լռությունից հետո միայն այսօր ՊՆ-ից հաստատեցին, որ ականազերծում են անում։

Այսօր ավելի վաղ Ոսկեպարի սուրբ Աստվածածնի հարակից տարածքում հավաքված բնակիչներին ոստիկանները ժամեր շարունակ չէին թողնել մոտենալ եկեղեցուն։ Տեղում լարված իրավիճակ էր։

  • Ապրիլի 19-ին Երևանն ու Բաքուն հայտարարեցին, թե «նախնական համաձայնեցրել են»՝ Տավուշ-Ղազախ սահմանի որոշ հատվածներ համապատասխանեցնել «Խորհրդային Միության փլուզման պահի դրությամբ գոյություն ունեցող միջհանրապետական սահմանին»։ Ըստ այդմ, հայկական կողմը հետ կքաշվի Բաղանիս-Այրում, Աշաղը Ասկիպարա ու, Խեյրիմլի ու Ղըզըլհաջիլի գյուղերի ուղղություններով։ Կոորդինատների հստակեցումը պիտի ձևակերպվի արձանագրություն-նկարագրությամբ, ինչը պետք է համաձայնեցվի ու ստորագրվի մինչև 2024թ. մայիսի 15-ը, ինչից հետո այդ հատվածներում սահմանագիծը կհամարվի սահմանազատված։
  • Գործընթացն առայժմ չի վերաբերում Բերքաբերի դիմաց գտնվող հայկական տարածքներին, որոնք Ադրբեջանի վերահսկողության տակ են, և Ոսկեպարին հարակից միջպետական ճանապարհի հատվածին, որը դեռ մնում է հայկական վերահսկողության տակ:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ոստիկանները թույլ տվեցին բարձրանալ Ոսկեպարի եկեղեցի
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ականազերծման պատճառով Ոսկեպարի եկեղեցու մոտ լարված իրավիճակ է