«Հայաստանի համար իսկապես շատ վտանգավոր իրավիճակ է ստեղծվել». Արա Այվազյան

Մինչ իշխանությունը հայտարարում է, որ Տավուշ-Ղազախ հատվածում սահմանազատմամբ հայկական կողմը նվազեցնում է ռիսկերը, արտաքին գործերի նախկին նախարար Արա Այվազյանի համոզմամբ, այս գործընթացը միակողմանի զիջում է, ճանապարհ՝ հետագայում ագրեսիվ գործողությունների համար։

«Հակառակը՝ մեր կենսական տարածքները, անվտանգության հիմնարար բնագծերը քանդվում են», - նշեց Այվազյանը:

Արա Այվազյանը, որ 44-օրյա պատերազմից հետո Նիկոլ Փաշինյանի հրամանով նշանակվեց արտգործնախարար ու վեց ամիս անց հրաժարականի դիմում գրեց, վստահեցնում է գործող իշխանության արտաքին դիվանագիտությանն այլընտրանք կա։ Նորաստեղծ դիվանագետների համահայկական խորհուրդն ունի ծրագիր, որ կառաջարկի ապրիլի վերջին։ Այս խմբում են Արտաքին գործերի նախարարության նախկին բարձրաստիճան պաշտոնյաները։ Այսօրվա հրավիրած ասուլիսում գործող իշխանության դիվանագիտությունը վտանգավոր որակեցին։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Սահմանազատումը ձեռքբերո՞ւմ, թե՞ կապիտուլյացիա. տրամագծորեն հակառակ մեկնաբանություններ իշխանությունից ու ընդդիմությունից

«Հայաստանի համար իսկապես շատ վտանգավոր իրավիճակ է ստեղծվել, երբ արտաքին գործոնները և արտաքին դերակատարներն են ազդում մեր որոշումների կայացման վրա մեծամասամբ: Հետևաբար այս կործանարար զարգացումները կանխելու համար անհրաժեշտ է ճիշտ դիվանագիտական ռազմավարություն մշակելն ու ներկայացնելը», - նշեց Այվազյանը:

Այս ճգնաժամային փուլում Հայաստանը սահմանազատման գործընթաց է սկսում առանց դաշնակցի, ինչը մտահոգիչ է, կարծում է Արտգործնախարարության նախկին գլխավոր քարտուղար Վահագն Մելիքյանը։

«Ասել, որ քո դաշնակիցը Արևմուտքն է կամ հավաքական Արևմուտքն է, որևէ փաստաթուղթ դու չունես, փաստաթղթավորված ձևով չունես, ունես միայն հայտարարություններ, որոնք ականջահաճո են, որոնք հայտարարություններ են, իմ խորին համոզմամբ, հայտարարությունների համար, որովհետև իրականության մեջ իրենք հետևողականորեն, նույն Արևմուտքի մասին է խոսքը, գնում են իրենց շահերի հետևից», - նշեց Մելիքյանը:

Դիվանագետների համահայկական խորհրդի նպատակն է Հայաստանի ու սփյուռքի դիվանագիտական ներուժը միավորել ու լուծումներ առաջարկել։ Նախկին նախարարի պնդմամբ՝ դիվանագետների փորձով ու գիտելիքներով այլընտրանքային լուծումներ ուրվագծվել են, որ ավելի ուշ կներկայացնեն։ Օրինակ՝ Արտաքին գործերի նախկին փոխնախարար Ավետ Ադոնցի համոզմամբ՝ հնարավոր է չեղարկել Տավուշի մարզում սահմանազատման համաձայնությունը։

«Հարկադրանքի տակ ստորագրված ցանկացած փաստաթուղթ առ ոչինչ կարելի է համարել, սա ևս միջազգային իրավունքի հիմքերին համապատասխանող դրույթ է, դրա համար էստեղ մենք խոսում ենք ոչ թե նրա մասին, որ փաստը կատարված է և այլևս ոչինչ փոխել հնարավոր չէ, չեղարկվելը չեղարկվում է, ուրիշ տարբերակ չկա», - ընդգծեց Ադոնցը:

Այս խորհրդի կազմում է նաև Արցախի Ազգային ժողովի նախկին նախագահ Աշոտ Ղուլյանը։ Ավետ Ադոնցը շեշտեց՝ այս նորաստեղծ կառույցը, կուսակցական հենք չունի, քաղաքական գործընթաց սկսելու նկրտումներ չունեն, մասնագիտական փորձի ու գնահատականների հիման վրա իրավիճակից ելք են առաջարկելու։

«Սա մասնագիտական միավորում է, և քաղաքական դաշտի հետ մենք պատրաստ ենք գործակցել, համագործակցել, եթե դրա կարիքը ունենան: Ես նկատի ունեմ Հայաստանի Հանրապետության քաղաքական դաշտի հետ», - նշեց Ադոնցը:

Դիվանագետների հայկական խորհուրդը իշխանափոխության ծրագիր չունի, շեշտեց նախկին նախարար Ավազյանը։ Ընդամենը հանրությանն առաջարկելու են այլընտրանքային ճանապարհ։ Թե ինչ են առաջարկելու, փակագծեր չբացեց, հաջորդ շաբաթ հանդիպումը կլինի։