Բաքուն ունի Ղարաբաղում անվտանգությունն ապահովելու համար անհրաժեշտ ուժեր, ՏԱՍՍ ռուսաստանյան լրատվական գործակալությանն ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը։
«Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահներին, ապա այս պահին դա Ադրբեջանի Հանրապետության տարածքն է, որն ունի անվտանգությունն ապահովելու ուժեր, և ակնհայտ է, որ այդ հարցը միակողմանիորեն չի լուծվում: Տարածաշրջանի կայունությունը մեծապես կախված է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրումից»,- նշել է կառույցի գլխավոր քարտուղարը:
Ապրիլի 17-ին Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հայտնել է, որ Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարությունը Ղարաբաղից ռուսական խաղաղապահ զորախմբի վաղաժամկետ դուրսբերման որոշում է ընդունել։ Նրա խոսքով՝ երկու երկրների պաշտպանության նախարարությունները համապատասխան միջոցներ են ձեռնարկում այս որոշումն իրականացնելու համար:
ՏԱՍՍ ռուսաստանյան լրատվական գործակալությունը հիշեցնում է, որ խաղաղապահ զորախումբը տեղակայվել է Ղարաբաղում՝ Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների կողմից 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության համաձայն։
Խաղաղապահների զորախմբում 1960 զինվորականներ էին, նրանք ունեին հրետանային զենք, 90 զրահափոխադրիչներ, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկա։
Խաղաղապահների տեղակայման ժամկետը սահմանվել էր 5 տարի՝ այն ևս 5 տարով երկարաձգելու հնարավորությամբ, պայմանով, որ կողմերից մեկը ժամկետի ավարտից կես տարի առաջ չհայտարարի եռակողմ համաձայնության այդ դրույթը չեղարկելու մտադրության մասին։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ինչո՞ւ են ռուս խաղաղապահները ժամկետից շուտ հեռանում Լեռնային Ղարաբաղից