Պաղեստինի նախագահությունը քննադատել է Միացյալ Նահանգների Կոնգրեսի Ներկայացուցիչների տան որոշումը, որով ավելի քան 26 միլիարդ դոլարի օգնություն է հատկացվելու Իսրայելին:
Պաղեստինի ինքնավարության նախագահի խոսնակ Նաբիլ Աբու Ռուդեյնան Ներկայացուցիչների պալատի քվեարկությունը որակել է «վտանգավոր էսկալացիա»: Ըստ Մահմուդ Աբբասի խոսնակի՝ այն «ագրեսիա է պաղեստինցի ժողովրդի դեմ» և Գազայի հատվածում հազարավոր պաղեստինցիների մահվան պատճառ է դառնալու:
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների տունն ամիսներ տևած քննարկումներից հետո երեկ հավանություն տվեց Ուկրաինային, Իսրայելին և Թայվանին տրամադրվող ընդհանուր 95 միլիարդ դոլարի օգնությանը: Իսրայելին կուղղվի 26.38 միլիարդ դոլարի օգնություն, այդ թվում ավելի քան 9 միլիարդ դոլար՝ մարդասիրական օգնություն Գազայի համար:
Իսրայելի արտգործնախարար Իսրայել Կացը հայտարարել է, որ օգնության փաթեթի քվեարկությունն «ապացուցում է Իսրայելի և Միացյալ Նահանգների միջև ամուր կապերը և ռազմավարական գործընկերությունը և հզոր ուղերձ է հղում մեր թշնամիներին»:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԱՄՆ Ներկայացուցիչների տունը հավանություն տվեց Ուկրաինային օգնելու նախագծինԻրավիճակը Գազայի հատվածում կտրուկ սրվել է 2023 թվականի հոկտեմբերի 7-ին, երբ Արևմուտքի կողմից ահաբեկչական ճանաչված «Համաս» խմբավորման զինյալները Գազայից անսպասելի հարձակում են գործել սահմանամերձ հրեական բնակավայրերի վրա: Այդ գրոհների հետևանքով սպանվել է մոտ 1200 իսրայելցի, ևս ավելի քան 250 իսրայելցի պատանդառվել էր:
Ի պատասխան՝ Իսրայելը հայտարարել է ռազմական գործողության մասին, որի նպատակն է «ամբողջությամբ ոչնչացնել «Համաս»-ի ջոկատները Գազայում»:
Գազայի հատվածի բնակավայրերի մեծ մասն ավերակների է վերածվել: Պաղեստինյան անկլավում մարդասիրական աննախադեպ ճգնաժամ է: Ըստ պաղեստինյան անկլավի առողջապահության նախարարության, որը ենթարկվում է «Համաս»-ին, ռազմական գործողությունների հետևանքով զոհվել է ավելի քան 33 հազար 600 պաղեստինցի։
Մեծ թվով երկրներ անհամաչափ են համարում Իսրայելի պատասխանը և վարչապետ Բենյամին Նեթանյահուից պահանջում են անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները: