«Միանշանակ խնդիրներն ավելանալու են». փաստաբանը տարակուսած է զորակոչից ազատվելու հիվանդությունների ցանկը կրճատելու որոշումից

Առողջական խնդիրներով բանակ զորակոչված մի քանի զինվորների գործերով զբաղվող փաստաբան Հայարփի Սարգսյանը դատարանում պաշտպանում է մտավոր հետամնացություն ունեցող և բանակում խոշտանգված արմավիրցի զինվորի շահերը: Տարակուսած է կառավարության երեկվա որոշումից:

«Առողջական խնդիրներով զինվորական ծառայության անցնելու դեպքում և՛ խոշտանգվում են, և՛ բռնության դեպքերն են արձանագրվում», - ասաց Սարգսյանը:

Կառավարությունը երեկ մի որոշում ընդունեց, ըստ որի կրճատվում է հիվանդությունների ցանկը, որով զորակոչի ենթակա անձինք ոչ պիտանի են ճանաչվում։ Թեթև աստիճանի մտավոր հետամնացության, գանգոսկրերի, գլխուղեղի նորագոյացությունների՝ կիստաների և գիշերամիզության ախտանշանների դեպքում զինծառայությունից ազատվել այլևս չի լինի։ Գործադիրը հիմնավորում է, թե այս խստացմամբ փորձում է վերացնել կոռուպցիոն ռիսկերը։

«Մտավոր խնդիրներով, գիշերամիզությամբ այսօր էլ բանակում ծառայող տղաներ կան», - վստահեցնում է փաստաբանը՝ հավելելով՝ այս օրինակները պետք է բավական լինեին՝ հասկանալու խնդրի խորությունը։

«Ես ունեցել եմ մտավոր հետամնացության հետ կապված գործ, խոշտանգման հոդվածով քրեական գործ է նույնիսկ հարուցվել, որ ծեծի են ենթարկել զորամասում խմբով այն դեպքում, երբ այդ զինծառայողը պիտի չգնար ընդհանրապես զինվորական ծառայության», - նշեց Հայարփի Սարգսյանը:

Պաշտպանության նախարարը վստահեցնում է՝ նշված ախտորոշումներով բանակ զորակոչված զինվորների համար սահմանափակումներ կսահմանվեն։ Փաստաբան Սարգսյանը նկատում է՝ իր պրակտիկայում չի հանդիպել գեթ մի զինծառայողի, որ որևէ առողջական խնդրի պատճառով բանակում օգտվի սահմանափակ ծառայության հնարավորությունից։

«Միանշանակ խնդիրներն ավելանալու են, սահմանափակում բառն այդքան էլ չի օգնում զինվորին իր ծառայության ընթացքում, քանի որ զինվորական ծառայության ընթացքում զինծառայողին զորամասում ասում են՝ եթե ձեզ ուղարկել են ծառայության, ուրեմն դուք առողջ եք: Եվ ես դեռ իմ պրակտիկայում չեմ հանդիպել այնպիսի զինվորի, ով զորամասում ծառայում է և սահմանափակումով բառը հաշվի է առնվել: Խնդիրները բազմաթիվ են՝ ընդհուպ մինչև մահ», - ասաց փաստաբանը:

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը երեկ հիմնավորում էր, որ այս հիվանդություններով զորակոչից ազատվող անձանց թիվն ամեն տարի կասկածելիորեն աճել է։ Օրինակ՝ եթե 2020-ին թեթև աստիճանի մտավոր հետամնացության ախտանիշներով ոչ պիտանի է ճանաչվել 188 զորակոչիկ, 2022-ի ձմեռային զորակոչի ժամանակ այդ թիվը գրեթե կրկնապատկվել է։

Կիստաների ախտորոշմամբ զորակոչիկներին հետազոտելու և փորձաքննելու համար մեծ մասամբ հիմք են հանդիսացել հենց զորակոչիկների նախաձեռնությամբ իրականացված ՄՌՏ հետազոտությունները։ 2023-ի ամառային զորակոչի ընթացքում ներկայացված ավելի քան 1400 ՄՌՏ հետազոտություններից կեսի դեպքում զորակոչիկները ճանաչվել են ծառայության համար ոչ պիտանի։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Փաշինյան. Հայաստանում զորակոչի ենթակա երիտասարդների կեսից քիչն է զորակոչվում

Վարչապետ Փաշինյանը երեկ կառավարության նիստում խոսում էր ծառայությունից խուսափելու բազմաթիվ սողանցքների մասին՝ զարմանալով՝ ինչպե՞ս կարող են պետության դեմ գործել։

«Մենք պետք է գնանք, այո, և պետք է մեր նախարարներն էլ հետևություններ անեն սրանից, ովքե՞ր են էս ամեն ինչով մինչև հիմա զբաղվել, ինձ թվում է՝ էլ չպետք է զբաղվեն, ով զբաղվել է վերջին 5 տարում և չի զեկուցել, որ սենց պրոբլեմ կա, ինչքան էլ տգեղ հնչի, ես խնդիր եմ դնում, որ գնացեք, չեմ ասում մի օրվա ընթացքում, բայց ամիսների ընթացքում ընդհանրապես ոչ մեկ էլ այդտեղ չաշխատի», - հայտարարել է վարչապետը:

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցն անթույլատրելի է համարում կառավարության այս մոտեցումը։ Բանակի խնդիրներով զբաղվող իրավապաշտպանը կարծում է՝ առողջական խնդիրներ ունեցողները կհայտնվեն ավելի խոցելի վիճակում։

«Առողջական խնդիրներ ունեցող զինվորը չի կարող ունենալ երաշխավորություն, որ իր իրավունքները կմնան պաշտպանված, բանակը չի կարող ունենալ երաշխավորություն, որ նման զինվորը կարող է արդյունավետ կատարի իր պարտականությունները և ի վերջո նաև անվտանգության լուրջ խնդիրներ են առաջ գալիս զինծառայության ներսում և նաև արտաքին սպառնալիքները կանխելու հարցում», - նշեց իրավապաշտպանը:

Սաքունցը ևս հաստատում է փաստաբան Սարգսյանի պնդումը՝ բանակում ոչ ոք ուշադրություն չի դարձնում սահմանափումներին։ Դա հաճախ վեճերի պատճառ է դառնում, երբեմն ողբերգական ավարտով։ Փաստեր է բերում՝ իրենց ուսումնասիրությունների համաձայն՝ խաղաղ պայմաններում զինծառայողների մահերի թիվը չի նվազում, այլ հակառակը՝ աճում է։

«Իսկ դրանց ուսումնասիրությունը կատարե՞լ է Պաշտպանության նախարարությունը: Նախկին արատավոր մոտեցման շարունակությունը, որ գլխաքանակ են ապահովում արդեն նաև առողջական խնդիրներ ունեցող զինծառայողների հաշվին և սա նշանակում է, որ Զինված ուժերի բարեփոխումներ ասվածը, որը ենթադրում էր աստիճանաբար պրոֆեսիոնալ բանակին անցնելուն, ի վերջո դա չի կատարվում», - ընդգծեց Սաքունցը:

Իրավապաշտպանը կարծում է՝ այս որոշումն այն մասին է, որ զինված ուժերում բարեփոխումները ձախողել են։