Իրանի կողմից Իսրայելին ապրիլի լույս 14-ի գիշերը հասցված հարվածները իսլամական հանրապետության դեմ արևմտյան նոր պատժամիջոցների առիթ են դառնում։ Այս մասին հայտնի դարձավ չորեքշաբթի երեկոյան՝ ԵՄ անդամ պետությունների արտգործնախարների՝ Բրյուսելում կայացած հերթական հավաքից հետո։
«Մենք դատապարտում ենք Իսրայելի դեմ Իրանի հարձակումը։ Մենք որոշել ենք պատժամիջոցներ սահմանել Իրանի դեմ։ Մեր կարծիքով՝ Իրանի մեկուսացումը ծայրահեղ կարևոր է», - բրյուսելյան խորհրդակցության ավարտին հայտարարել է ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելը՝ մանրամասնելով նաև, թե հատկապես որ ոլորտներն են թիրախավորելու եվրոպական պատժամիջոցները։
«Գաղափարը հետևյալն է՝ թիրախավորել այն ընկերությունները, որոնք իրանցիներն օգտագործում են անօդաչու թռչող սարքեր և հրթիռներ արտադրելու համար», - ասել է Միշելը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Իսրայելին հարվածելուց հետո Իրանը ԱՄՆ-ին ասել է, որ հետագա լարվածության չի ձգտում ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԱՄՆ-ն կշարունակի աջակցությունը Իսրայելին․ Պենտագոնի ղեկավարՄի քանի ժամ առաջ Իրանի դեմ նույնատիպ պատժամիջոցների մասին հայտարարեց պաշտոնական Վաշինգտոնը։ Միացյալ Նահանգների ֆինանսների նախարարությունը հայտարարեց իրանական ամենահայտնի հարվածային դրոնների՝ «Շահեդ»-ների արտադրությանն ուղղակիորեն առնչվող 16 անձանց և երկու ընկերությունների դեմ պատժամիջոցներ սահմանելու մասին։ Այն, որ իրանական ռազմական արդյունաբերությունը իրոք կարող է լուրջ մտահոգություններ առաջացնել Արևմուտքում, մեկ անգամ ևս պարզ դարձավ երեկ, երբ Իրանում նշում էին Բանակի օրը։
Թեհրանում կայացած շքերթի ընթացքում իրանցի զինվորականները տասնյակ նորագույն հարվածային ու հետախուզական դրոններ, հրթիռներ ու հրետանային միջոցներ ցուցադրեցին՝ ճնշող մեծամասնությունը՝ սեփական արտադրության։
Շքերթն ընդունում էր Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին, որը մեկ անգամ ևս անդրադարձավ ապրիլի 14-ի գործողությանը Իսրայելի հնարավոր պատասխանին։
«Եթե սիոնիստական վարչակազմը մեր տարածքի հանդեպ անգամ փոքրիկ մի ոտնձգություն կատարի, շատ կոշտ և լուրջ հակազդեցության կբախվի», - նշել է Իրանի նախագահը։
Իրանի ամենաազդեցիկ ուժային կառույցի՝ «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի» հրամանատարներից մեկը՝ Միջուկային օբեյտների պաշտպանության ստորաբաժանման ղեկավար Ահմադ Հախթալաբը, այսօր կիսապաշտոնական Tasnim գործակալությանը ակնարկել է, թե ինչպիսին կարող է լինել Իսրայելի հնարավոր հարձակման պատասխանը։
«Իրանի միջուկային օբյեկտներին հարվածելու Իսրայելի սպառնալիքները կարող են ստիպել մեզ վերանայել իսլամական հանրապետության միջուկային դոկտրինը և հրաժարվել նախկինում կիրառված մոտեցումներից», - հայտարարել է իրանցի գեներալը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Իսրայելի կառավարությունը քննարկում է Իրանին պատասխան հարվածներ հասցնելու հարցը ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Մերձավոր Արևելքն անդունդի եզրին է, պետք է հետքայլ անել. Ժոզեպ ԲորելԹեհրանից հնչող նախազգուշացումներին, ինչպես նաև արևմտյան դաշնակիցների հորդորներին, սակայն, Իսրայելում անհաղորդ են։
«Վերջին օրերի շփումների ընթացքում մեր դաշնակիցները բազմաթիվ խորհուրդներով և առաջարկություններով հանդես եկան, և մենք դա բարձր ենք գնահատում։ Դրա հետ մեկտեղ ես ցանկանում եմ հստակորեն ընդգծել՝ մենք ինքնուրույն ենք որոշումներ կայացնում և կանենք ամեն ինչ Իսրայել պետությունը պաշտպանելու համար», - նշել է Նեթանյահուն։
Այս պահին շրջանառվող գլխավոր հարցն է, թե ինչպես է Իսրայելը պատրաստվում պատասխանել իրանական հարվածներին։ The New York Times-ի տեղեկություններով՝ տարբերակները չորսն են։
Առաջին տարբերակով նախատեսվում է ծավալուն հարվածներ հասցնել «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի»՝ Իրանից դուրս, օրինակ՝ Սիրիայում գտնվող բազաներից մեկին։ Երկրորդ տարբերակն Իրանի ներսում առավելապես խորհրդանշական բնույթ ունեցող թիրախ խոցելն է։ «Այս մի տարբերակի բացասական կողմն այն է, որ դրա իրականացումը խորհրդակցություններ կպահանջի ամերիկացիների հետ, իսկ Վաշինգտոնն արդեն իսկ հայտարարել է, որ նման քայլին դեմ է», - գրում է The New York Times-ը։
Մյուս հնարավոր տարբերակը Իրանի դեմ ծավալուն կիբերհարձակումն է, որը, սակայն, այնքան էլ ցանկալի տարբերակ չէ, քանի որ կարող է ժամանակից շուտ բացահայտել Իսրայելի կարողություններն այդ ոլորտում, նշում է լրատվամիջոցը։ Չի բացառվում նաև, որ Իսրայելի հատուկ ծառայությունները որոշեն թիրախային սպանություններ իրականացնել Իրանի տարածքում։ Դա, սակայն, ըստ The New York Times-ի, Իսրայելի համար մի վատ կողմ ունի։
«Որպես կանոն «Մոսադի» գործակալների կողմից իրականացված սպանությունների կատարումը Իսրայելը չի խոստովանում, և նման գործողությունը դժվար կլինի ուղղակի հարվածներին համարժեք պատասխան ներկայացնել», - նշել է ամերիկյան պարբերականը։
Մեկ այլ ամերիկյան թերթի՝ Wall Street Journal-ի տեղեկություններով՝ իսրայելական պատասխան հարվածների ամենահավանական ուղղությունը Սիրիան է լինելու։ «Դա է պատճառը, որ այս շաբաթասկզբից Թեհրանը սկսել է տարհանել իր անձնակազմը այն բազաներից, որտեղ մեծ է «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի» ներկայությունը», - գրում է Wall Street Journal-ը։