Հայ - ադրբեջանական սահմանազատման մեկնարկը կլինի Տավուշի մարզից ու Ղազախի շրջանից, այսօր Ոսկեպարում և Կիրանցում վարչապետի հետ հանդիպումից հետո նման եզրակացության են եկել տեղի բնակիչները։
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը, որ Ոսկեպարում մասնակցել էր հանդիպմանը, «Ազատությանը» փոխանցեց վարչապետի հայտարարությունները, թե Ադրբեջանի հետ բանակցություններն արդեն ընթանում են, ու որ իշխանություններն ամեն ինչ անում են հօգուտ Հայաստանի արդյունքներ ունենալու համար։
«Ես այդպիսի տպավորություն ստացա, որ սահմանազատումը պիտի Տավուշից սկսի: Ժամկետներ չասեց, ասեց՝ «բանակցության փուլում ենք, բանակցություններ ենք վարում Ադրբեջանի հետ, որ կարողանանք սկսենք», - փոխանցեց Մախսուդյանը:
«Ինքը ասել էր, որ երբ որ ասելիք ունենա, ձեր հարցերի պատասխաններն ունենա, այն ժամանակ կգա, հիմա ի՞նչ եք կարծում, կա՞ր պատասխան իսկապես», - «Ազատության» այս հարցին պահեստազորի գնդապետն արձագանքեց. - «Դե հիմա եկավ, ասեց, որ 90 տոկոս բանակցությունները ընթանում են, պիտի որ ի շահ ժողովրդին լինի»:
Թե 90 տոկոսն ինչին է վերաբերում, Մախսուդյանը նշեց. - «Որ ժողովրդի պահանջած, ժողովուրդը ոնց պահանջել է՝ այդ պահանջածով է լինելու»:
«Հույսը բանակցություններ վարելու ... «Բանակցություններ ընթանում են, որ ժողովրդի պահանջածը, ինչ որ պահանջում է, կարողանանք իրականացնենք, դրանից հետո նոր սկսենք սահմանազատումը», - վարչապետի ասածը փոխանցեց Միհրան Մախսուդյանը:
Հարցին, թե ժողովրդի կոնկրետ ո՞ր պահանջի մասին էր խոսում Փաշինյանը, պահեստազորի գնդապետը պատասխանեց. - «Ներքին Ոսկեպարի տարածքները չզիջելու տարբերակով»:
Վարչապետը նախորդ՝ ուղիղ մեկ ամիս առաջ կայացած հանդիպման ժամանակ հստակ բարձրաձայնել էր 90-ականներից հայկական վերահսկողության տակ գտնվող չորս գյուղերը վերադարձնելու Ադրբեջանի պահանջի մասին, նշել, որ դրանք դե յուրե Հայաստանինը չեն, ու չվերադարձնելու այլընտրանքը պատերազմի վտանգն է։ Ոսկեպարցիների տպավորությամբ՝ այսօր վարչապետի ասելիքի մեջ փոփոխություն կար.
«Այո, տեսակետ ա փոխել 180 աստիճանով, ասեց լավ ա լինելու: Երևի թե պայմանավորվածություն կա, ինչ կա...», - ասաց հանդիպման մասնակիցներից մեկը:
«Մենք գոհ ենք բանակցություններիցը՝ էս պահով, իրա ասածովն էս պահով գոհ ենք», - ասաց մյուսը՝ զերծ մնալով հետագա մեկնաբանություններից:
«Մարդը խոսք տվուց, որ սահմանները կմնա, լավը կըլի», - ասաց երրորդը:
Հարցին՝ հավատացե՞լ են այդ խոստումներին, գյուղացիներից մեկն արձագանքեց. - «Պետք ա արվի, որ հավատանք, էլի»:
Ոսկեպարցիները ևս մեկ անգամ պնդել են՝ իրենց գյուղի հարակից միջպետական ճանապարհն Ադրբեջանին անցնելը ճակատագրական կդառնա իրենց ու շրջակա գյուղերի համար։ Դեմ են արտահայտվել վարչապետի առաջ քաշած այլընտրանքային ճանապարհին. - «Ինքը առաջարկեց, ժողովուրդը ասեցին՝ դեմ են: Ասեց, որ «ես հետո կգամ, ինչ որ բանակցությունները ավարտելուց հետո կգամ, մանրամասը ես կներկայացնեմ ձեզ, ժողովուրդ ջան, իրար հետ համատեղ որոշում կընդունենք»: Նման բան ասեց: Հիմա սպասենք իրականին՝ գալու ա իրական որոշումը ի օգուտ ժողովրդին ա ընդունելո՞ւ, թե՞ ոչ»:
«Կարծում եմ, որ զայրացած են ժողովուրդը, եկել էր, որ ժողովրդին ասի, որ բանակցության փուլում են, ընթացքի մեջ ա, «ձեր առաջարկները, ինչ որ մտածում ենք, էդ առաջարկները, ինչ որ պահանջում եք, պահանջատերերը դուք եք, էդ պահանջները ուզում եմ իրականացնեմ»: Հիմա ժողովուրդը սպասում են իրենց պահանջները իրականացնելու համար: Եթե իրենց պահանջները չիրականացնի, ժողովրդի պահանջը չկատարի, բնականաբար՝ ժողովուրդը ընդվզման են գնալու, էդքան բան», - ասաց հանդիպման մասնակիցը:
Այսօր Ոսկեպարի հանդիպումից հետո արդեն Կիրանցի գյուղապետարանի շենքի մոտ վարչապետը հրաժարվեց պատասխանել «Ազատության» հարցերին. - «Էնքան խոսացել եմ, էլ բան չունեմ, ինչ հնարավոր ա ասել՝ ասել եմ», - նշեց Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետի անվտանգության աշխատակիցները թույլ չտվեցին «Ազատությանը» անգամ մոտենալ դպրոցի շենքին, ուր տեղի էր ունենում բնակիչների հետ հանդիպումը։ Հանդիպումից հետո Կիրանցի բնակիչները սակավախոս էին։ Միայն նրանցից մեկը հարցին՝ իրենց բոլոր հարցերին պատասխանե՞ց վարչապետը, արձագանքեց. - «Բոլոր, դրական, բոլորը: Ոնց ցանկանում ենք»:
Վարչապետի խոսնակը Ֆեյսբուքում գրել է, թե Ոսկեպար, Կիրանց, Բերքաբեր գյուղերում տեղի ունեցած հանդիպումներից հետո Փաշինյանին են վերագրվում տարբեր հայտարարություններ։ «Որևէ հայտարարություն, որը չի հնչել կամ հաստատվել վարչապետի կամ նրան ներկայացնելու իրավասություն ունեցող պաշտոնյայի, պետական մարմնի կողմից՝ պաշտոնապես հերքվում է», - Ֆեյսբուքում գրել է Նազելի Բաղդասարյանը, բայց այդպես էլ չի հստակեցրել, թե վարչապետին վերագրվող կոնկրետ որ հայտարարությունը նկատի ունի։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Որևէ հայտարարություն, որը չի հնչել կամ հաստատվել վարչապետի կողմից՝ պաշտոնապես հերքվում է. Նազելի Բաղդասարյան
Ավելի ուշ Կառավարության լրատվականը հաղորդագրություն տարածեց Նիկոլ Փաշինյանի այցի մասին, որում մասնավորապես ասված է.
«Վարչապետը եղել է Ոսկեպար, Կիրանց և Բերքաբեր բնակավայրերում՝ տեղի բնակիչներին ներկայացրել Ադրբեջանի հետ խաղաղության՝ ներառյալ սահմանազատման գործընթացում առկա իրավիճակը։ Հաջորդիվ վարչապետը պատասխանել է բնակիչներին հետաքրքրող տարբեր հարցերի:
Նիկոլ Փաշինյանը Բերքաբերում ծանոթացել է սահմանամերձ բնակավայրերում Կառավարության կողմից իրականացվող մինչև 16 մլն դրամ աջակցությամբ՝ անհատական բնակելի տների կառուցման ծրագրի ընթացքին:
Բնակիչները գոհունակություն են հայտնել Կառավարության նախաձեռնությունից և ընդգծել ծրագրի շարունակականությունն ապահովելու կարևորությունը:
Վարչապետն իր հերթին նշել է, որ գործադիրը հետևողական է լինելու սահմանամերձ բնակավայրերում ծրագրի արդյունավետ իրագործման հարցում»: