2020-ի պատերազմից հետո Ֆրանսիայի ակնհայտ հակաադրբեջանական քայլերը հայտնի են բոլորին, հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակ Այխան Հաջիզադեն՝ արձագանքելով Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանին հետ կանչելու Փարիզի քայլին։
Թեև ֆրանսիական կողմը մեղադրում է Ադրբեջանին միակողմանի գործողությունների մեջ, սակայն Ադրբեջանի քայլերն ու Ֆրանսիային ուղղված պաշտոնական հայտարարությունները միայն պատասխանն էին Ֆրանսիայի ապակառուցողական գործունեությանը, ասել է Հաջիզադեն։
«Չնայած մեր երկրի դեմ զրպարտչական արշավին, մենք միշտ բաց ենք պահել դռները երկխոսության համար»,- եզրափակել է Հաջիզադեն։
Երեկ պաշտոնական Փարիզը հայտարարեց, որ հետ է կանչել Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանին՝ խորհրդակցությունների նպատակով։ Ֆրանսիայի ԱԳՆ-ի հաղորդագրության համաձայն՝ որոշման պատճառը «Ադրբեջանի միակողմանի գործողություններն են, որոնք վնաս են հասցրել երկու երկրների միջև հարաբերություններին»։
Թե ինչ միակողմանի գործողությունների մասին է խոսքը, Ֆրանսիական կողմը չի մանրամասնել։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ֆրանսիան հետ է կանչել Ադրբեջանում իր դեսպանին՝ Բաքվին մեղադրելով միակողմանի գործողությունների մեջԲաքուն կոշտ է արձագանքում, մասնավորապես, հայ-ֆրանսիական համագործակցությանն։ Բաքուն մեղադրում է Փարիզին՝ «Հարավային Կովկասում կայունությունը խաթարելու», «միակողմանի մոտեցման ու հայամետ դիրքորոշման» «Հայաստանին զինելու» համար՝ փաստացի բոյկոտելով Ֆրանսիայի մասնակցությամբ բանակցային բոլոր հանդիպումները։ Երևանն ու Փարիզը պարբերաբար շեշտում են՝ Ֆրանսիան Հայաստանին միայն պաշտպանական սարքավորումներ է տրամադրում։
Հաջիզադեն այսօր հայտարարել է, թե վերջին երեք տարիների ընթացքում Փարիզի գործողությունները լրջորեն խաթարել են Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման ջանքերը և հանգեցրել տարածաշրջանում իրավիճակի սրման։
Ընդգծելով, թե Ֆրանսիան բազմիցս փաստաթղթեր ու բանաձևեր է նախաձեռնել Ադրբեջանի դեմ տարբեր միջազգային տարբեր հարթակներում, այդ թվում՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում, ԵՄ-ում, ադրբեջանցի դիվանագետը շեշտել է՝ նման նախաձեռնություններով Ֆրանսիան ապացուցել է, որ Բաքվի և Երևանի միջև չեզոք միջնորդ լինելու Փարիզի հավակնություններն անհիմն են։
«Ակնհայտ է, որ Հայաստանը զինելու և տարածաշրջանը ռազմականացնելու Ֆրանսիայի գործողությունները չեն ծառայում խաղաղությանը»,- ասված է հայտարարությունում։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ադրբեջանի իշխանամետ մամուլը պնդում է, թե «Երևանն ու Փարիզը սահմանին տեղային գործողություն են ծրագրում»