«Ես գիտեմ, որ վարչապետը նպատակ ունի նաև Ցեղասպանության հետ կապված իրական հիմքեր կառուցել, ավելի առարկայական դարձնել ցեղասպանության ենթարկված մեր հայրենակիցների ամբողջ ցանկը»:
«Ես գուցե պետք ա էդպես չձևակերպեի, և ես համաձայն եմ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության իմ գործընկերների հետ, որ մեր խմբակցությունը դա չի քննարկել: Ո՛չ, չկա՛ քաղաքական որոշում, չկա՛»:
Խորհրդարանի պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը պնդում է՝ Հայոց ցեղասպանության 1.5 միլիոն զոհերի ցուցակներ կազմելու մասին իր հայտարարությունը վարչապետի որոշումը չէ, ավելին՝ նման քաղաքական որոշում ևս չկա, և ինքն արտահայտել է իր անձնական կարծիքը։
«Ազատություն». - Պարզապես, Դուք որ ասել եք՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նպատակ ունի ամբողջացնել, առարկայական դարձնել ցեղասպանության ենթարկված հայրենակիցների ամբողջ ցանկը, մարդիկ մտածել են, որ սա Փաշինյանի՛ ծրագիրն է:
Քոչարյան. - Ոչ, Փաշինյանի ծրագիրը չի, սա ասել եմ ես:
«Ազատություն». - Դուք քաղաքական իշխանության հետ, Փաշինյանի հետ էլ չեք քննարկել այս հարցը, պարզապես Դուք...
Քոչարյան. - Ոչ, ես հարցազրույց եմ տվել ձեր ռադիոընկերությանը:
«Ազատություն». - Դա Ձեր անձնական մոտեցումն է:
Քոչարյան. - Բնականաբար: Բայց էդ անձնական մոտեցումը հենց էնպես օդից չի եկել: Ես նշել եմ, որ հանդիսանում եմ ժառանգորդը ցեղասպանության ենթարկված ընտանիքի՝ և՛ հայրական կողմից, և՛ մայրական կողմից, հիշողության կրող եմ, ես ասում եմ՝ էդ հիշողությունը պետք է արձանագրվի, փաստագրվի: Ես չեմ ասում, որ կասկածի տակ կարա դրվի Ցեղասպանությունը, մոռացեք:
«Ազատություն». - Իսկ թի՞վը:
Քոչարյան. - Թիվը. մենք միշտ խոսել ենք միլիոնուկեսից, բայց էդ միլիոնուկեսը, որպեսզի ինքը շատ արժեքավոր, ամուր լինի, մենք պետք ա էդ հասցեները, հստակ աշխատած լինեինք դրա վրա: Քաղաքական կուսակցությունը հերքում ա, չի հերքում՝ ստեղ կուսակցությունը, ստեղ իմ տեսակետը եղել ա էն՝ էկեք հարստացնենք դա: Չե՞ք ուզում հարստացնենք՝ կասենք միլիոնուկես և կշարունակենք ապրել: Հա, միլիոնուկես ա, գոհ ե՞ք: Իմ ասածը միլիոնուկեսի տակ բովանդակությունն է:
«Ազատություն». - Դուք կասկածի տակ չե՞ք դնում, որ միլիոնուկես է:
Քոչարյան. - Ոչ, ես կասկածի տակ ո՞նց կարամ դնեմ Ցեղասպանությունը, երբ որ ես դրա ժառանգ եմ:
«Ազատություն». - Չէ, թիվը, ոչ թե Ցեղասպանության փաստը, որ մեկուկես միլիոնը Դուք կասկածի տակ չեք դնում:
Քոչարյան. - Ես ասում եմ, որպեսզի Ձեզ ավելի լավ զգաք, միլիոնուկեսից ավել ա, դա՞ ա խնդիրը: Բովանդակության մասին ա:
Պաշտպանության հանձնաժողովի նախագահը շեշտում է՝ իր նշած հավելյալ փաստագրումները, Ցեղասպանության զոհերի անունները, հասցեները հավաքագրելը թույլ կտա նաև հետագայում պահանջատիրությունն ավելի շոշափելի դարձնել։
Քոչարյան. - Էդ ամբողջը մեր իրավաբանների համար խիստ անհրաժեշտ են: Ոչ թե միայն թիվ հնչեցնելը, այլ ամեն, անհատապես: Այո, փոխհատուցում էլ կարա լինի: Բա Թուրքիան պետք ա ընդունի, որ այ էս մարդը, որը 15 թվականին զոհվել ա, էսինչ ամսին, էսինչ գյուղում, էսինչ պայմաններում, - իհարկե, իրենք կհերքեն դա, բայց երբ որ դու հասցեական ես տալի, հերքելն էլ ա բարդանում, - ունեցել ա կարողություններ, և էդ կարողությունները էսօր չկան: Բայց կարողությունների շատ շատ ընտանիքներ համապատասխան փաստաթղթերը պահպանել են: Էսօր էլ դատական վեճեր էլ կան:
«Ազատություն». - Պահանջատիրության հարց եք բարձրացնում փաստորեն:
Քոչարյան. - Ըստ էության, ինքը իրա մեջ պահանջատիրության էլեմենտ պարունակում ա, այո: Ես ինքս պահանջատեր եմ այս հարցերի շուրջ:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Փաշինյանը նպատակ ունի նաև Ցեղասպանության հետ կապված իրական հիմքեր կառուցել․ Քոչարյանը հակադարձում է ՇարմազանովինՔոչարյանի հայտարարությունը մեծ աղմուկ էր բարձրացրել, դրան արձագանքել էին ազգագրագետներ, ցեղասպանագետներ, տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչներ։ Ցեղասպանագետ Սուրեն Մանուկյանն «Ազատության» հետ զրույցում վտանգավոր էր համարել ավելի քան մեկ դար առաջ տեղի ունեցած Ցեղասպանության զոհերին ցուցակագրելը։
«Սա թուրքական ժխտողական թեզերից մեկն է՝ պահանջում էին, ասում էին՝ «դե որ մեկուկես միլիոն հայ կա, դե ցուցակները տվեք կամ ներկայացրեք», - ասել էր Մանուկյանը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «1.5 միլիոն հայերի ցուցակ կազմելը թուրքերի թեզն է». ցեղասպանագետը վտանգավոր է համարում իշխանության նոր նախաձեռնությունը«Նման հարց երբևէ չի քննարկվել»
Երեկ, երբ Քոչարյանը խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ վերահաստատում էր 1.5 միլիոն զոհերին ցուցակագրելու իր հայտարարությունը, նրա կողքին նստած խմբակցության քարտուղարը որևէ կերպ չառարկեց, թե իրենց օրակարգում նման հարց չկա։ Այսօր արդեն վարչապետ Փաշինյանի ղեկավարած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորները պնդում էին՝ նման հարց երբևէ չեն քննարկել, ոմանք ասում էին, թե անակնկալի են եկել Քոչարյանի այդ հայտարարությունից, ոմանք էլ՝ թե լրագրողներից են տեղեկացել այդ մասին։
«Նման հարց երբևէ չի քննարկվել քաղաքական մակարդակում՝ որևէ ձևաչափով», - ասաց ԱԺ եվրաինտեգրման հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը:
Մարդու իրավունքների խորհրդարանական հանձնաժողովի փոխնախագահ Ռուստամ Բաքոյանն, իր հերթին, հայտարարեց. - «Չկա [ՔՊ-ում] նման քննարկում, չկա նման որևէ էդպիսի օրակարգ, որին ես մասնակցել եմ: Եվ առհասարակ չկա, և դրա համար էլ չեմ մասնակցել»:
Փաշինյանի ղեկավարած ուժի փոխնախագահ Վահագն Ալեքսանյանն էլ վստահեցրեց՝ տեղյակ չէ. - «Ես ընդհանրապես տեղյակ չեմ՝ ինչի մասին ա խոսքը, եթե իմանամ՝ ինչի մասին ա կոնկրետ խոսքը փաստական, իմ կարծիքն էլ կհայտնեմ, բայց չեմ հասկանում՝ ինչի մասին ա խոսքը»:
Վարչապետ Փաշինյանն այս թեմային մինչ այս պահը որևէ կերպ չի անդրադարձել, իսկ նրա խոսնակն «Ազատության» զանգերին չի պատասխանում։