Մատչելիության հղումներ

Փաշինյանը նպատակ ունի նաև Ցեղասպանության հետ կապված իրական հիմքեր կառուցել․ Քոչարյանը հակադարձում է Շարմազանովին


Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նպատակ ունի նաև Ցեղասպանության հետ կապված իրական հիմքեր կառուցել՝ ավելի առարկայական դարձնել ցեղասպանության ենթարկված հայրենակիցների ամբողջ ցանկը, «Ազատության» հետ զրույցում հայտարարեց Ազգային ժողովի պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ հակադարձելով ընդդիմադիր Հանրապետական կուսակցության փոխնախագահ Էդուարդ Շարմազանովին։

Իրական Հայաստանի մասին Փաշինյանի հայտարարությունից հետո Շարմազանովն ասել էր, թե Փաշինյանը կոնկրետ նպատակով է արհեստական հակադրություններ ստեղծում իրական և պատմական Հայաստանի միջև։ Ըստ ընդդիմադիր գործչի՝ Արցախը ճանաչելով Ադրբեջանի մաս և փակելով Ղարաբաղյան հարցը, Փաշինյանն այժմ էլ փորձում է մոռացության մատնել Հայոց ցեղասպանությունը:

Քոչարյանն «Ազատության» հետ զրույցում նախ նկատեց՝ կա Ցեղասպանության թնագարան, ցեղասպանության հետ կապված գիտաժողովներ, գրքեր, դոկտորական աշխատանքներ կան, ապա շեշտեց՝ ամենակարևորը պետք է ունենալ այդ միլիոնուկեսի ազգանունները՝ որտե՞ղ, ո՞նց, ի՞նչ պայմաններում կոտորվեցին, որպեսզի դա լինի շատ թիրախային։

«Մենք այդ խնդիրը տասնյակ տարիներով չենք լուծել, այ հիմա պետք է կենտրոնանալ, իրական Հյաաստանը տալիս է այդ հնարավորությունը նաև ցեղասպանության այդ բացթողումը դարձնել իրականություն։ Շատ պարզ է չէ՞՝ երբ որ ասում ենք միլիոնուկես հայ է կոտորվել, պետք է միլիոնուկես ազգանուն ինչ-որ արխիվներում մենք կարողանանք հանենք, դնենք, և Ցեղասպանության թանգարանի էդ պատը պետք է լրացված լինի էդ ազգանուններով։ Ես էլ երկու կողմից ցեղասպանության արդյունքում եմ տեղաշարժվել այսօրվա Հայաստան, և այս Հայաստանն է, որ տվեց հնարավորություն նաև հետագայում՝ 46 թվականին, ունենալ ներգաղթ և լուծել կարևոր դեմոգրաֆիական խնդիր»։

Շարմազանովն «Ազատության» հետ զրույցում ասել էր՝ «միգուցե Փաշինյանը Թուրքիայից և Ադրբեջանից նոր պատվեր է ստացել՝ մոռացության մատնել ապրիլ 24-ը, և ապրիլ 24-ի օրերը մոտենում են, և նա փորձում է ապրիլ 24-ի ողբերգությունը, Հայոց ցեղասպանությունը, Հայոց մեծ եղեռնը թողնել պատմության մեջ»:

«Նիկոլ Փաշինյանը ո՞նց պիտի հիմնավորի հայ ժողովրդին, որ ինքը ապրիլ 24-ը չի դարձնում արտաքին քաղաքական կարևորագույն գործոն և դատապարտում այն. պիտի ասի, որ «ախպեր ջան, էդ ապրիլ 24-ը, էդ պատմական Հայաստանը սպառնալիք է», - ընդգծել էր Հանրապետականի փոխնախագահը:

Ապրիլի 24-ին լրանում է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG