Վրաստանում «օտարերկրյա գործակալների» մասին օրենքի նախագծի դեմ բողոքի ակցիայի ժամանակ երեկ 14 մարդ է բերման ենթարկվել, հաղորդել է երկրի Ներքին գործերի նախարարությունը։
Ըստ հաղորդման՝ հավաքի մասնակիցները «չեն ենթարկվել ոստիկանների օրինական պահանջներին, խախտել են հասարակական կարգը, դիմադրել իրավապահներին և վիրավորել նրանց»։
ՆԳՆ նշում է, որ քաղաքացիները բերման են ենթարկվել Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքի երկու հոդվածներով՝ մանր խուլիգանություն և ոստիկանության օրինական պահանջին չենթարկվելը։
Հաղորդագրության մեջ նշվում է, որ «ցուցարարների բռնի գործողությունների արդյունքում» ՆԳՆ մեկ աշխատակից է տուժել, նրան համապատասխան բուժօգնություն է ցուցաբերվել։
Բողոքի այս ֆոնին Վրաստանի խորհրդարանի իրավական հարցերի հանձնաժողովը երեկ հաստատեց օրենքի նախագիծը։
Վրաստանի իշխող քաղաքական ուժի՝ «Վրացական երազանք» կուսակցության ներկայացուցիչները անցած շաբաթ պաշտոնական շրջանառության մեջ դրեցին «Օտար պետությունների ազդեցության թափանցիկության», կամ ավելի պարզ ասած՝ «օտարերկրյա գործակալների» մասին օրենքը։
Օրինագիծը շատերը համեմատում են ռուսաստանյան հայտնի օրենքի հետ, որը Պուտինի վարչակազմը որպես մահակ է օգտագործել լրագրողների, ակտիվիստների, իրավապաշտպանների դեմ։ Իշխող թիմի ներկայացուցիչները, մինչդեռ, հավաստիացնում են, թե իրենց նպատակը տարբեր է, միայն ցանկանում են ֆինանսական թափանցիկություն ապահովել ոչ-կառավարական ոլորտում՝ պարտավորեցնելու այն բոլոր հասարակական կազմակերպություններին ու լրատվամիջոցներին, որոնց ֆինանսավորման ավելի քան 20 տոկոսն օտարերկրյա ծագում ունի, տարեկան հայտարարագիր ներկայացնել, հակառակ դեպքում օրենքով սահմանել մոտ 10 հազար ամերիկյան դոլարին համարժեք տուգանք։
Վաշինգտոնը խորապես մտահոգություն է հայտնել օրենքի նախագծի կապակցությամբ՝ շեշտելով, որ այն կվնասի քաղաքացիական հասարակության կազմակերպություններին, կշեղի Վրաստանին իր եվրոպական ուղուց։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Օտարերկրյա գործակալների» մասին օրինագիծը կշեղի Վրաստանին եվրոպական ուղուց․ Միլլեր