Էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանի նկատմամբ տնային կալանքը ևս 2 ամսով երկարաձգվել է, հայտնում է նրա պաշտպան Տիգրան Եգորյանը։
Ըստ վերջինիս՝ նախկին պաշտոնյային չեն թույլատրում նույնիսկ բժշկական ծառայություններ ստանալ։
«Ըստ երկարաձգման միջնորդության և դատարանի որոշման հաշվի չեն առնվել մեր ներկայացրած հիմնավորումները, Վ․Քերոբյանի անձնական և ընտանեկան դրությունն ու հանգամանքները։ Անտեսվեցին ՀՀ ում և միջազգային շրջանակում ճանաչված և հեղինակավոր 45 գործիչների անձնական երաշխավորությունները, ինչպես նաև գրավի կիրառման հնարավորությունը», - նշել է Եգորյանը։
Վահան Քերոբյանը մեղադրվում է «Սիներջի»-ի գործով՝ պաշտոնեական լիազորությունների չարաշահման համար։ Ըստ Քննչական կոմիտեի՝ անցած տարի Էկոնոմիկայի նախարարության հայտարարած մրցույթին հայտ ներկայացրած երկու ընկերությունների միջև ընտրություն է կատարվել հօգուտ ավելի բարձր գին առաջարկած «Սիներջի»-ի։ Քննիչները պնդում են, թե նախարարն ու մյուս աշխատակիցներն այնպես են արել, որ ավելի ցածր գին առաջարկած «Հարմոնիա» ընկերությունը զրկվի մրցույթին մասնակցելուց։
Նախկին նախարարը մեղադրանքը չի ընդունում։