Բայդենը զգուշացրել է Իրանին գործողություններ չձեռնարկել Իսրայելի նկատմամբ

ԱՄՆ նախագահ Ջո Բայդեն, արխիվ

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ուրբաթ օրը հայտարարել է՝ սպասվում է, որ Իրանը կհարձակվի Իսրայելի վրա «ավելի շատ շուտ, քան ուշ», և զգուշացրել է Թեհրանին չանել դա։

Լրագրողների հարցին Իրանին ուղղված իր ուղերձի մասին՝ Բայդենը պարզապես ասել է՝ «մի՛ արեք», ընդգծել Իսրայելը պաշտպանելու Վաշինգտոնի հանձնառությունը:

«Մենք նվիրված ենք Իսրայելի պաշտպանությանը, մենք կաջակցենք Իսրայելին, մենք կօգնենք պաշտպանել Իսրայելը, և Իրանը հաջողություն չի ունենա»,- ասել է նա։

Իսրայելին ուղղված սպառնալիքներն աճել են Դամասկոսում անցած շաբաթ Իրանի հյուպատոսության վրա կատարված հարձակումից հետո։

  • Իսրայելը չի ստանձնել ապրիլի 1-ի ավիահարվածի պատասխանատվությունը: Սակայն, Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին ասել է, որ Իսրայելը պետք է պատժվի և կպատժվի այն գործողության համար, որը, նրա կարծիքով, համարժեք է իրանական հողի վրա հարձակմանը:
  • Ավելի վաղ Սպիտակ տան խոսնակ Ջոն Քիրբին հայտարարել էր, որ Իրանի կողմից Իսրայելի վրա ենթադրաբար մոտալուտ հարձակումը իրական և կենսունակ սպառնալիք է, սակայն մանրամասներ չի հայտնել հնարավոր ժամկետների մասին:
  • Սիրիայի մայրաքաղաքում Իրանի հյուպատոսության վրա գրոհի հետևանքով զոհվել են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի երկու գեներալներ: Իրանը խոստացել է պատասխանել այս հարձակմանը, սակայն չի հստակեցրել, թե երբ և ինչպես դա կանի:
  • Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն նախօրեին ասել է, թե որևէ գործողություն անպատասխան չի մնա՝ անկախ այն բանից, թե որտեղից է այն գալու:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Սպիտակ տանը չեն բացառում, որ Իրանը կարող է հարվածներ հասցնել Իսրայելին
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Bloomberg. «Իրանի հարվածները Իսրայելին անխուսափելի են»