Զինծառայողներին տեղափոխող «Ուրալ»-ի վթարի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 538-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով, այն է՝ մարտական, հատուկ կամ տրանսպորտային մեքենա վարելու կամ շահագործելու կանոն խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի անձանց մահ:
Քննչական կոմիտեի խոսնակ Գոռ Աբրահամյանը հայտնում է, որ ձևավորվել է քննչական խումբ և իրականացվում է նախաքննություն դեպքի ամբողջական հանգամանքները, վթարի պատճառները պարզելու նպատակով։
«Այս պահին քննիչներն իրականացնում են առաջնային քննչական և վարութային գործողություններ, այդ թվում կատարում են դեպքի վայրի և վթարված ավտոմեքենայի զննություն», - նշված է հաղորդագրությունում։
Պաշտպանության նախարարությունը ավելի վաղ հայտնել է, որ այսօր՝ ժամը 15:25-ի սահմաններում, զինծառայողների տեղափոխող «Ուրալ»-ը դեռևս չպարզված հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել հարակից ձորակի տարածքում: Կա 4 զոհ, վիրավորում է ստացել 20 զինծառայող:
Տարեսկզբից ՀՀ Զինված ուժերում ոչ մարտական պայմաններում զոհվել է 10 զինծառայող:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ՊՆ «Ուրալ»-ի վթարից վիրավորները 20-ն են, կա 4 զոհ. քրեական վարույթ է նախաձեռնվել