Լավրով. Արևմուտքը փորձում է խարխլել Հարավային Կովկասում իրավիճակի կայունացման պայմանավորվածությունները

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրով, արխիվ

ԱՊՀ բոլոր պատվիրակությունները, որոնք մասնակցել են Մինսկում արտգործնախարարների ժողովին, գիտակցել են, որ Միացյալ Նահանգները և նրա արբանյակները փորձում են ներխուժել ԱՊՀ ընդհանուր տարածքի բոլոր շրջաններ, այսօր հավաքին հաջորդած մամլո ասուլիսում հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։

Նա անդրադարձել է նաև Հարավային Կովկասին, ասելով, թե Միացյալ Նահանգները և արևմտյան մյուս երկրները փորձում են խարխլել այնտեղ իրավիճակի կայունացման պայմանավորվածությունները:

«Նրանք չեն ցանկանում թույլ տալ, որ իրականացվեն այն պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել Հայաստանի և Ադրբեջանի միջև՝ Ռուսաստանի աջակցությամբ: Նրանք նաև շատ ակտիվ փորձում են ներթափանցել Կենտրոնական Ասիա, ստեղծում են տարբեր ձևաչափեր, որոնք բացահայտ ուղղված են Ռուսաստանի Դաշնության դեմ: Հրապարակավ ասում են, թե պետք է ապահովեն երկրների իրական ինքնիշխանությունը հետխորհրդային տարածքում, որպեսզի դրանք դուրս գան Ռուսաստանի Դաշնության ստվերից, նույն գործելակերպն է Մոլդովայի և շատ այլ շրջանների վերաբերյալ», - ասել է Լավրովը:

Միաժամանակ, նա նշել է, թե Ռուսաստանի գործընկերները հավատարիմ են համագործակցության սկզբունքներին։ «Արևմուտքի հսկայական ճնշման ներքո մեր դաշնակիցները, մեր ռազմավարական գործընկերները հավատարիմ են մնում բոլոր առանցքային սկզբունքներին, որոնց վրա հիմնված է փոխգործակցությունն ԱՊՀ-ի, ՀԱՊԿ-ի և ԵԱՏՄ-ի, Համագործակցության շանհայան կազմակերպության շրջանակներում», - ասել է Ռուսաստանի արտաքին գերատեսչության ղեկավարը:

Սերգեյ Լավրովը վստահություն է հայտնել, թե ռազմավարական առումով «այդ արևմտյան գիծը դատապարտված է ձախողման»:

Հայաստանից Մինսկի հավաքին մասնակցում էր փոխարտգործնախարար Մնացական Սաֆարյանը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

ԱՊՀ արտգործնախարարների խորհրդի հաջորդ նիստը՝ հոկտեմբերի 7-ին Մոսկվայում«Լաչինը կարող է ստանալ ԱՊՀ մշակութային մայրաքաղաքի կարգավիճակ»․ Բայրամով