Կառավարության այսօրվա որոշմամբ Պետական գույքի կառավարման կոմիտեին է ամրացվել Դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման լիազորության շրջանակում կնքված հաշտության համաձայնությամբ պետությանը վերադարձված՝ 2 միլիարդ 18 միլիոն 400 հազար դրամ շուկայական արժեքով Ավան վարչական շրջանի Աճառյան փողոցում գտնվող 16.013 քմ մակերեսով հողամասը։
Գլխավոր դատախազությունն իր հաղորդագրությունում հիշեցնում է, որ հաշտության համաձայնությունը՝ կնքված Դատախազության և ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի գործով անցնող Գալուստ Գրիգորյանի միջև, հաստատվել էր Հակակոռուպցիոն դատարանի 2024 թվականի փետրվարի 27-ի վճռով:
Գույքի նկատմամբ արդեն իսկ գրանցվել է Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Գագիկ Խաչատրյանին փոխկապակցված գործով հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի ավելի քան 2 մլրդ դրամը գերազանցող գույք․ ԲԴԽՎերջին վեց ամիսների ընթացքում՝ 2023 թվականի 4-րդ եռամսյակում և 2024-ի առաջին եռամսյակում Դատախազության երկու բացառիկ լիազորությունների՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման և պետական շահերի պաշտպանության շրջանակում պետությանն է վերադարձվել շուրջ 10 միլիարդ դրամի գույք, նշված է հաղորդագրությունում:
Նշված ժամանակահատվածում օրինական ուժի մեջ մտած վճռով կամ դրանից հետո ընդունված Կառավարության որոշմամբ, միայն ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործառույթի շրջանակում ՀՀ սեփականությանն է փոխանցվել 7 անշարժ և 1 շարժական գույք՝ ընդհանուր շուրջ 4 միլիարդ 118 միլիոն դրամ արժեքով, ՀՀ սեփականությանն է փոխանցվում նաև շուրջ 609 միլիոն դրամ: