Ռուսական զորքերը վերսկսել են Ուկրաինայի մեծությամբ երկրորդ քաղաքի՝ Խարկովի հրետակոծությունը, ինչի հետևանքով դեռահաս է զոհվել, ևս երկու խաղաղ բնակիչ վիրավորվել են, հայտնում են շրջանի պաշտոնյաները։
«Ապրիլի 10-ին՝ ժամը 14.00-ի սահմաններում, ռուս զինվորականները գնդակոծել են Խարկովի շրջանի Լիպցի և Մալա Դանիլիվկա շրջանները: Լիպցիում հրետակոծության հետևանքով 14-ամյա աղջիկ է զոհվել»,- Տելեգրամում գրել է Խարկովի նահանգապետ Օլեգ Սինյեգուբովը։
«Առնվազն ևս երկու մարդ վիրավորվել է՝ դեղատան 33-ամյա աշխատակիցը, որը բեկորային վնասվածքներ է ստացել, իսկ 16-ամյա տղան հոսպիտալացվել է»,- հավելել է Սինեգուբովը։
Ուկրաինացի պաշտոնյայի խոսքով՝ ռուս զինվորականները երկու կառավարվող օդային ռումբ էլ արձակել են Վովչանսկ բնակավայրի վրա։
«Հարվածների հետևանքով ամբողջությամբ ավերվել է պոլիկլինիկա։ Այս պահին մեզ հայտնի է մեկ տուժածի մասին՝ բեկորային վնասվածքներով 34-ամյա տղամարդը հոսպիտալացվել է»,- ասել է Խարկովի նահանգապետը։
Ռուսաստանի սահմանին մոտ գտնվող Խարկովի վրա ռուսական հարձակումներն ակտիվացել են վերջին շաբաթներին։ Չդադարող հրտետակոծության ֆոնին երեկ այդ շրջան էր այցելել նախագահ Զելենսկին՝ ստուգելու պաշտպանական ամրությունները, որից հետո կոչ արեց դաշնակիցներին ավելի շատ ռազմական օգնություն տրամադրել:
«Խարկովի մարզը շատ կարևոր տարածք է: Մենք պետք է պատրաստ լինենք: Եվ ռուսները պետք է տեսնեն, որ մենք պատրաստ ենք մեզ պաշտպանելուն»,-հայտարարել էր Զելենսկին։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Առանց արևմտյան օգնության Ուկրաինան կպարտվի. Զելենսկի ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ռուսաստանի և Ուկրաինայի շրջանները կրկին ենթարկվել են ռմբակոծության