Երևանն ակնկալում է, որ Մոսկվան ներդրումներ կանի 2002-ին պարտքի դիմաց ՌԴ-ին փոխանցված ձեռնարկություններում

Երևանն ակնկալում է, որ Մոսկվան ներդրումներ կանի այն ձեռնարկություններում, որոնք որպես գույք պարտքի դիմաց փոխանցվել են ռուսական կողմին, այսօր Ազգային ժողովում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով իշխանական պատգամավոր Սերգեյ Բագրատյանի հարցին, թե արդյո՞ք Հայաստանը չի պատրաստվում վճարել պարտքը և հետ ստանալ մոտ 93 մլն դոլարի դիմաց 2002-ին Ռուսաստանին փոխանցած ռազմավարական հզորությունները, այդ թվում՝ Հրազդանի ՋԷԿ-ը, «Մարս» գործարանը։

«Ուզում եմ հասկանալ, որ այսօր երբ մենք իսկապես տնտեսական զարգացման հայեցակարգ ենք համարում պետական շահը, ժամանակը չէ՞, որ մենք վճարենք այդ պարտքը և հետ ստանանք այդ ռազմավարական հզորությունները, կարողությունները, որոնց կարիքը մենք խիստ զգում ենք, որովհետև մեզ համար գերակա շահն իսկապես մեր տնտեսական զարգացումն է, որից բխում է նաև մեր անվտանգությունը։ Կարո՞ղ ենք մենք դիմել Ռուսաստանի Դաշնությանը, վճարել այդ պարտքը և հետ ստանալ այդ կարողությունները, մանավանդ, որ այս 20 տարվա ընթացքում այդ կարողությունները հսկայական շահույթ են բերել Ռուսաստանին», - վարչապետից հետաքրքրվեց պատգամավորը։

Փաշինյանը պատասխանեց՝ թեման ռուս գործընկերների հետ քննարկել են և կոչը ռուսական կողմին եղել է, ոչ թե օբյեկտները հետ վերցնելն, այլ ներդրումներ անելը։

«Այդ կարողությունների պոտենցիալն, ըստ էության, օգտագործված չէ։ Շատ բաներ կան, որ ուղղակի դռները փակված են, և այս հարցը մենք Ռուսաստանի կառավարության գործընկերների հետ քննարակել ենք», - հայտարարեց Փաշինյանը՝ նշելով, որ անձամբ քննարկել է նաև «Մարս» գործարանի հարցը։

«Ես անձամ Ռուսաստանի Դաշնության կառավարության ղեկավարի հետ եմ քննարկել այդ հարցը, և այդ շեշտադրումներով, որ ահռելի մեծ արտադրական նշանակության տարածքներ են և այսօր դրա չնչին տոկոսն է որևէ ձևով զբաղված, և հետևաբար պետք է աշխատի այդ հզորությունը, որպեսզի ծառայի տնտեսական զարգացմանը», - ասաց Փաշինյանը։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն առաջին անգամ պաշտոնական այցով Հայաստան ժամանեց 2001 թվականի սեպտեմբերին: Այցի գլխավոր նապատակը երկու երկրների առևտրատնտեսական հարաբերությունները խթանելն էր: Հենց այդ այցի ընթացքում Վլադիմիր Պուտինն ու Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը քննարկեցին Ռուսաստանին Հայաստանի ունեցած 114 միլիոն դոլարի պարտքը մարելու խնդիրը: Մասնավորապես, պարտքի դիմաց Ռուսաստանին առաջարկվեցին հայաստանյան մի շարք ձեռնարկություններ, և մեկ տարի անց Հայաստանը 100 միլիոն դոլարի պարտքի դիմաց Ռուսաստանին փոխանցեց Հրազդանի ջերմակայանը, «Մարս» գործարանը և 3 գիտական հաստատություններ՝ Մաթեմատիկական մեքենաների, Նյութագիտության և Ավտոմատ կառավարման ինստիտուտները: Ընդ որում, «Գույք պարտքի դիմաց» պայմանագիրը հայկական կողմից ստորագրեց այն ժամանակ դեռ պաշտապանության նախարար Սերժ Սարգսյանը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Պուտինի հայաստանյան այցերի պատմությունից