ԱԺ-ն կքննարկի սահմանազատման հարցով հրատապ նիստ անցկացնելու ընդդիմության առաջարկը

Ընդդիմադիր խմբակցությունների առաջարկած Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանագծման հարցով հրատապ նիստ անցկացնելու հարցը խորհրդարանը կքննարկի այսօրվա երրորդ հիմնական նիստում, քառօրյայի մեկնարկին հայտարարեց Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։

Հրատապ նիստի առաջարկով հանդես են եկել «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները։

Ազգային ժողովի նախագահին ուղղված դիմումում ընդդիմադիրները նշել են, թե Հայաստանի անունից հանդես եկող անձինք Երևանի և Բաքվի միջև սահմանազատման և սահմանագծման հարցում անում են հայտարարություններ, որոնցով խախտում են Հայաստանի սահմանադրությունը, «Պետական սահմանի մասին» և մի շարք այլ օրենքներ և անտեսում սահմանազատման հարցով միջազգային լավագույն փորձը:

Բացի այդ, խորհրդարանական ընդդիմությունն ընդգծում է, թե այդ հայտարարություններով իշխանությունը հակասում է ինչպես իր նախընտրական, այնպես էլ կառավարության 2021-26 թվականների ծրագրերին:

Հիմնական զեկույցով հանդես կգա «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։ Որպես հարակից զեկուցողներ ընդդիմությունն առաջարկել է ներգրավել փոխվարչապետ, սահմանագծման և սահմանազատման հանձնաժողովի (հայկական կողմից) նախագահ, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին ու արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին։

Պաշտոնական Բաքուն Երևանից պահանջում է անհապաղ իրեն վերադարձնել Տավուշի մարզի ու Ղազախի շրջանի սահմանագծին գտնվող չորս գյուղերը։ Ադրբեջանի պահանջած 4 գյուղերը՝ Բաղանիս Այրումը, Աշաղը Ասքիփարան, Խեյրիմլին և Ղըզըլհաջիլին, ըստ Փաշինյանի, դե յուրե Հայաստանի տարածքում չեն՝ Ալմա-Աթայի հռչակագրի համաձայն։

Փաստացի, այդ գյուղերը 90-ականներից գտնվում են հայկական կողմի վերահսկողության տակ։ Դրանց մոտով են անցնում դեպի Վրաստան միջպետական ճանապարհը, Հայաստան մտնող գազամուղը։

Վարչապետն ուղիղ հայտարարում է՝ եթե անգամ հայկական զորքը Բաքվի պահանջած 4 գյուղերից հետ քաշվի սահմանագիծ, Ադրբեջանը հայկական 31 բնակավայրերի տարածքներից միաժամանակ չի նահանջելու։ Ընդդիմանալու վերջը, ըստ Փաշինյանի, մոտալուտ պատերազմը կլինի, իսկ պաշտոնական Երևանի քաղաքականությունը, վարչապետի խոսքով, պատերազմ թույլ չտալն է, «և սա է պատճառը, որ որոշել ենք, որ մենք պետք է գնանք այս հատվածներում ՀՀ սահմանի ճշգրտման»։ Կուսակիցների հետ հանդիպմանը Նիկոլ Փաշինյանը նաև հայտարարել է, որ եթե Բաքվի իրական նպատակը սահմանների ճշգրտումն է, ապա պետք է հստակ ասի՝ որտեղ է սկսվում Հայաստանի տարածքը․ մինչև օրս Հայաստանի և Ադրբեջանի հանձնաժողովները հրապարակային չեն հայտարարել, որ սահմանազատման սկզբունքները համաձայնեցված են, և որ այդ գործընթացի համար հիմք կդառնա Ալմա-Աթիի հռչակագիրն ու կոնկրետ թվականի քարտեզ:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Երկու հիմնական հարց կա, որտեղ Երևանի ու Բաքվի պատկերացումները դեռ հեռու են միմյանցից. Միրզոյան