Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ԱԷՄԳ) հաստատել է, որ անօդաչու թռչող սարքը երեկ հարվածել է Ուկրաինայի Զապորոժիեի շրջանում Ռուսաստանի կողմից վերահսկվող ատոմակայանի շենքին, որտեղ գտնվել է ատոկմակայանի 6 ռեակտորներից մեկը։
Գործակալությունն X-ի իր էջում գրում է, որ թեև 6-րդ բլոկի պաշտպանիչ կառույցը վնասվել է, սակայն միջուկային անվտանգությունը չի խաթարվել։ ԱԷՄԳ-ն սա որակել է «լուրջ միջադեպ, որը կարող էր վնասել ռեակտորի զսպման համակարգի ամբողջականությունը»:
ԱԷՄԳ-ը նշում է մեկ տուժած աշխատակցի մասին։
Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին իր հերթին X-ում գրել է որ 2022 թվականի նոյեմբերից ի վեր առաջին անգամ, և այն բանից հետո, երբ շեշտել է միջուկային լուրջ վթարից խուսափելու 5 կարևոր սկզբունքները, ԱԷՄԳ-ն ու աջակցության առաքելությունը հաստատել են առնվազն 3 ուղիղ հարվածները ատոմակայանի հիմնական ռեակտորի զսպման կառույցներին: «Սա անթույլատրելի է», - գրել է Գրոսսին։
Երեկ ավելի վաղ Գրոսսին հաստատել էր մեկ անօդաչու թռչող սարքի պայթյունը Զապորոժիեի ատոմակայանի տարածքում՝ չհստակեցնելով, թե հակամարտության որ կողմն է գործարկել անօդաչու թռչող սարքը։
Նա կոչ էր արել ձեռնպահ մնալ միջուկային անվտանգությունը խաթարող գործողություններից։
Զապորոժիեի ԱԷԿ-ն ամենախոշորն է Եվրոպայում և ունի վեց ռեակտոր: Ատոմակայանը գտնվում է ռուսական բանակի հսկողության տակ, սակայն աշխատող անձնակազմն ուկրաինացիներ են։
Ռաֆայել Գրոսսին Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից ի վեր երեք անգամ այցելել է ԱԷԿ՝ դրա շուրջ ստեղծված իրավիճակը որակելով ծայրահեղ անկայուն։
Անցած դեկտեմբերին «Ռոսատոմ»-ը և ԱԷՄԳ-ը պայմանավորվել են ատոմակայանի իրավիճակի շուրջ 2024-ի սկզբին խորհրդակցություններ անցկացնել։
Այս տարվա մարտին Գրոսսին այցելել է Ռուսաստան, Սոչիում հանդիպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, «Ռոսատոմ»-ի տնօրեն Ալեքսեյ Լիխաչովի հետ՝ քննարկել Զապորոժիեի ատոմակայանի ապահովության, միջուկային անվտանգության հարցեր։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Զապորոժիեի շրջանի վրա ռուսական հարձակման հետևանքով կան զոհեր