Ռուսական ուժերն անցած գիշեր զանգվածաբար հրթիռակոծել են ուկրաինական բնակավայրերը, թիրախավորելով հատկապես էներգետկ ենթակառուցվածքները, այդ թվում՝ երկրի խոշորագույն Դնեպրի հիդրոէլեկտրակայանը: Կայանը դադարեցրել է աշխատանքը, յոթ շրջաններ զրկվել են էլեկտրաէներգիայից։
էներգետիկայի նախարարը պնդել է, թե սա վերջին ամիսներին տեղի ունեցած ամենամեծ հարձակումն էր, որի նպատակն է ոչ թե պարզապես վնաս հասցնել, այլ՝ շարքից հանել Ուկրաինայի էներգետիկ համակարգը։
Զապորոժիեի քաղաքապետը ևս «Ազատությանը» հայտնել է, որ հարվածների թվով անցած գիշերվա հարձակումն ամենաինտենսիվն էր անցած երկու տարում՝ պատերազմի մեկնարկից ի վեր։ Մեկ գիշերում 100-ից ավելի տուն է վնասվել։
Պայթյուններ են լսվել Խարկովում, Կրիվոյ Ռոգում, ինչպես նաև Խմելնիցկի, Սումիի, Կիրովոգրադի, Լվովի մարզերում։ Զոհերի թիվը ճշտվում է։ Ռուսները գործի են դրել այն ամենն, ինչ ունեն իրենց զինանոցում, հայտարարել է Օդեսայի վարչակազմի ներկայացուցիչ Սերգեյ Բրատչուկը:
«Հրթիռներ, շահիդներ, տասնյակ անօդաչուներ, տասնյակ բալիստիկ հրթիռներ, հարվածի տակ էին Զապարոժիեն, Դնեպրը, Օդեսան, Կիևը, Կրիվոյ Ռոգը, շատ այլ քաղաքներ։ Կինժալներով հարվածել են Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքներին», - նշել է նա։
Զելենսկին կրկին կոչ էր արել եվրոպացի առաջնորդներին ավելի մեծ օգնություն ցուցաբերել Ուկրաինային
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին տելեգրամ իր ալիքում գրել է, թե ի տարբերություն ուկրաինայի դաշնակիցների, ռուսներն աշխատում են առանց դադարի․ - «Ռուսական հրթիռներն ուշացումներ չունեն, ինչպես մեր պետության համար օգնության փաթեթները: Շահեդները չունեն անվճռականություն, ինչպես որոշ քաղաքական գործիչներ: Կարևոր է հասկանալ ձգձգումների և հետաձգված որոշումների արժեքը: Patriot համակարգերը պետք է պաշտպանեն Խարկովն ու Զապորոժիեն, անհրաժեշտ է հակաօդային պաշտպանություն: պաշտպանել մարդկանց, ենթակառուցվածքները, տներն ու ամբարտակները: Գործընկերները հստակ գիտեն, թե ինչ է անհրաժեշտ»:
Երեկ երեկոյան Զելենսկին կրկին կոչ էր արել եվրոպացի առաջնորդներին ավելի մեծ օգնություն ցուցաբերել Ուկրաինային՝ շեշտը դնելով հատկապես հակաօդային պաշտպանության և զինամթերքի մատակարարման վրա։
«Սա Ռուսաստանի պատերազմն է ոչ միայն Ուկրաինայի, այլ նաև մեր բոլորի դեմ, ձեր երկրների, այդ թվում՝ մեր ողջ Եվրոպայի և եվրոպական ապրելակերպի դեմ», - ընդգծել է Զելենսկին:
Ուկրաինայի ունեցածն այս պահին բավարար չէ երկրի ողջ տարածքը պաշտպանելու համար, ասել է նա:
Կրակի տակ են նաև ռուսական քաղաքներն ու էներգետիկ օբյեկտները
Մյուս կողմից, կրակի տակ են նաև ռուսական քաղաքներն ու էներգետիկ օբյեկտները․ անցած գիշեր կրկին հրթիռակոծվել է Ուկրաինային սահմանակից Բելգորոդի մարզը, կա մեկ զոհ, երկու վիրավոր։
Ավելի վաղ Ռուսաստանի իշխանությունները հայտնել էին, թե մարզի որոշ շրջաններից բնակիչներին տարհանում են հաճախակի դարձած հրթիռակոծությունների պատճառով։
Ի դեպ, այսօր առաջին անգամ Կրեմլը պատերազմ անվանեց հարևանի դեմ սկսած ագրեսիան, որ մինչ այդ արդեն երկու տարի բնորոշվում էր որպես հատուկ ռազմական գործողություն:
«Այո, դա սկսվեց որպես հատուկ ռազմական գործողություն, բայց հենց այդ խումբը ստեղծվեց այնտեղ, երբ հավաքական Արևմուտքը դարձավ դրա մասնակից Ուկրաինայի կողմից, մեզ համար դա արդեն պատերազմ դարձավ։ Ես համոզված եմ սրանում։ Եվ դա բոլորը պետք է հասկանան», - ասել է Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
Այս ֆոնին Եվրամիության առաջնորդներն անցած օրերին հավաքվել էին Բրյուսելում քննարկելու՝ հավելյալ ինչ քայլեր կարող են ձեռնարկել՝ Ուկրաինային օգնելու համար, քանի դեռ Սպիտակ տան նախատեսած 60 միլիարդ դոլարը մնում է փակուղում՝ հանրապետականների դիմադրության պատճառով։
Երեկ հաղորդվեց, թե նրանք համաձայնել են աշխատել մի ծրագրի վրա, որով Ուկրաինան կարող է ստանալ արևմտյան բանկերում սառեցված ռուսական ակտիվներից ստացված շահույթը։ Այսօր, սակայն, Կրեմլը զգուշացրել է՝ եթե այս հարցում եվրոպացիները խոսքից գործի անցնեն, դա «աղետալի հետևանքներ կունենա»։