Այս անկանոն կրակոցները որևէ կերպ չեն նպաստում խաղաղության գործընթացին և «նույնիսկ հասկանալի էլ չեն մեզ համար», Հանրային ՀԸ եթերում ասել է արտգործնախարար Արարատ Միրզոյանը։
«Մի կողմից մենք նստում ենք լուրջ բանակցությունների սեղանի մոտ, խաղաղության գործընթաց ենք նախաձեռնում, ամբողջ աշխարհին ասում ենք, որ մենք խաղաղություն ենք ուզում կառուցել, ադրբեջանական կողմն էլ գալիս է, միջնորդներին կամ հանդիպումների կազմակերպիչներին, կամ մեզ երկկողմ հանդիպման ժամանակ հավաստիացնում, որ խաղաղություն է ուզում կառուցել, մյուս կողմից՝ ահա այսպիսի միջադեպեր սահմանին, տեղեկատվական արշավ, պատրվակներ ստեղծելը էսկալացիայի համար»,- նշել է նախարար Միրզոյանը։
Հայ-ադրբեջանական սահմանին կրակոցների մասին հաղորդումները վերջին օրերին ակտիվացել են։ Այսօր էլ Երևանը մեղադրել է Բաքվին կրակ բացելու համար, միաժամանակ հերքել ադրբեջանական կողմին, թե երեկ հայկական զինված ուժերն են երեկոյան կրակել։
Արարատ Միրզոյանը երեկվա հարցազրույցում ընդգծել է, որ կրակոցները նաև քաղաքացիական ենթակառուցվածքների ուղղությամբ են եղել։ Նա հավաստիացրել է՝ Հայաստանն ակնհայտորեն իրավիճակի սրմամբ շահագրգռված չէ։
«Հայաստանի Հանրապետությունն էսկալացիայով շահագրգռված չէ։ Եվ բոլոր այդպիսի բաները՝ դրդել ու պատրվակ գտնել նոր էսկալացիաների համար միայն սադրանք են: Այս իրավիճակի լիցքաթափման համատեքստում ես կարևորում եմ ԵՄ դիտորդական առաքելության հայտարարությունը։ Ուզում եմ արձանագրել, որ ԵՄ այս դիտորդական առաքելությունը դարձել է Հայաստան-Ադրբեջան սահմանագծի երկայնքով կայունության բավանանին իրական, շոշափելի, արդյունավետ գործոն», - ընդգծել է արտգործնախարարը։
Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը երեկ հայտնել է, որ պարեկություն է իրականացրել Սոթքի, Վերին Շորժայի, Արավուսի և Մովսեսի տարածքներում, իրավիճակը եղել է կայուն և հանգիստ:
Հարավային Կովկասի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարն էլ, իր հերթին, նշել է, որ չնայած ռազմական տեղաշարժերի մասին որոշ պնդումներին, հուսադրող է, որ Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը կարողանում է հերքել դրանք։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ադրբեջանը կրակ է բացել Խոզնավարի, Արավուսի, Սոթքի հայկական դիրքերի ուղղությամբ. ՊՆ ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Թիրախավորվել է գյուղն ամբողջությամբ, բնակելի տներն ու գերեզմանոցը. Մովսես համայնքի ղեկավար