Մատչելիության հղումներ

Թիրախավորվել է գյուղն ամբողջությամբ, բնակելի տներն ու գերեզմանոցը. Մովսես համայնքի ղեկավար


Լուսանկարը՝ Ներքին գործերի նախարարության պաշտոնական կայքէջից
Լուսանկարը՝ Ներքին գործերի նախարարության պաշտոնական կայքէջից

Ադրբեջանական կրակոցները Տավուշի մարզի Մովսես գյուղում շարունակվել են մինչև լուսաբաց։

«Թիրախավորվել է գյուղն ամբողջությամբ, բնակելի տներն ու գերեզմանոցը», - ըստ համայնքապետ Արեմն Փոլադյանի՝ Ադրբեջանի թիրախում են եղել բնակելի տներ։

«Մովսեսում 5 տուն, 2 գերեզմանաքարեր է վնասվել, նախնական տվյալներով գերեզմանաքարերն այդքանն են, գնացել նայել ենք, բայց չենք հասցրել ամբողջությամբ նայել», - ասաց Փոլադյանը:

Կրակոցները սկսվել են երեկ ուշ երեկոյան՝ 11-ից։ Արմեն Փոլադյանն ասում է՝ թեև կրակոցների պահին բնակիչները տանն են եղել, բայց մարդիկ չեն տուժել։ Պատուհանն է կոտրվել, պատերն են վնասվել։

Մովսեսի բնակիչ Սլավիկ Բաբայանի տան ապակին է կոտրվել, բեկորը տուն մտել։ Այդ պահին իր երկու անչափահաս երեխաները հենց այդ սենյակում են եղել։

«Բեկոր ա կպալ տան պատուհանին։ Դրանից առաջ էլ ա կարկոցներ եղալ, նենց չի քնած ենք եղալ։ Կրակոցները սկսալ ա, կամաց-կամաց գյուղին էլ են կրակալ», - պատմեց Բաբայանը:

«Կրակը մեր հետևից գալիս է», - Ասում է Սլավիկ Բաբայանը, որ Մովսեսում է հաստատվել Արցախի կորստից հետո։ Տեղահանված հինգ հոգանոց ընտանիքը կես տարի է՝ այստեղ է ապրում։

Պաշտպանության նախարարությունը հաղորդել է, որ Ադրբեջանը գիշերը տարբեր տրամաչափի զինատեսակներից կրակ է բացել Տավուշի, Գեղարքունիքի ու Սյունիքի դիրքերի ուղղությամբ։ Պաշտոնական հաղորդագրությունում նշված էր, որ Չինարին ու Մովսեսի հատվածում են կրակել։

Ներքին գործերի նախարարությունն այսօր հայտնեց, որ Ներքին Կարմիրաղբյուրում էլ քաղաքացիական մեքենա է վնասվել։ Բերդի համայնքապետ Աստղիկ Հակոբյանը «Ազատության» հետ զրույցում ասաց՝ կրակոցներ Այգեպարի ուղղությամբ էլ են եղել։ Եվ չնայած քաղաքացիական ենթակառուցվածքներ են վնասվել, Ներքին գործերի նախարարությունն ադրբեջանական կրակոցները որակել է անկանոն ու ոչ նպատակային։

Սոթքի գյուղապետի փոխանցմամբ՝ կրակը բնակելի տներին ու մարդկանց չի հասել

Սոթքի հատվածում լարվածությունը միջդիրքային է եղել։ Գյուղապետ Սևակ Խաչատրյանի փոխանցմամբ՝ կրակը բնակելի տներին ու մարդկանց չի հասել։

«Էդ ամեն ինչի ֆոնին միակ բանն այն է, որ մարդիկ սովորել են, որ անկախ ինչ ինտենսիվության կամ ինչպիսի կրակոցներ են լինում սահմանին, զբաղված են իրանց աշխատանքով, անասնապահությամբ, հիմա արդեն գարնանացան», - նշեց Խաչատրյան:

Հայ-ադրբեջանական սահմանին կրակոցների մասին հաղորդումները վերջին օրերին ակտիվացել են։ Հայաստանի պաշտպանության նախարարությունը սադրիչ է որակել Ադրբեջանի գործողությունները և, ըստ հաղորդագրության, հետագա սրմանը նպաստող գործողություններ չի արել, ինչից հետո իրադրությունը սահմանագծում հանդարտվել է։

Ադրբեջանն էլ Հայկական կողմին է մեղադրում, թե կրակ են բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։ Հայաստանի ռազմական գերատեսչությունը սա հերքել է։

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունն էլ այսօր կոչ է արել Բաքվին դադարեցնել իրադրությունը սրելու գործողությունները՝ ընդգծելով՝ Հայաստանը տարածաշրջանում իրադրության սրմամբ հետաքրքրված չէ:

«Սահմանի բազմաթիվ հատվածներում անկանոն կրակահերթեր բացելով՝ մի քանի տասնյակ զինվորական ավտոմեքենաների շարժերով Ադրբեջանն ակնհայտորեն հետապնդել է սադրիչ նպատակ. Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ստորաբաժանումներին դրդել համանման հակադարձ գործողությունների, վերջին շրջանի ադրբեջանական ապատեղեկատվությունը «հիմնավորող» փաստեր ստանալու համար», - ասված է հաղորդագրությունում:

Ադրբեջանից նաև մեղադրում են, թե Հայաստանի զինված ուժերի ստորաբաժանումները «հետագա սադրանքներին նախապատրաստվելու նպատակով փորձել են ամրակայման աշխատանքներ իրականացնել՝ ադրբեջանական բանակի դիրքերի դիմաց»։ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը չարդարացված է համարում Ադրբեջանի գնահատականները՝ շեշտելով, թե բանակի և բանակային ենթակառուցվածքների բարեփոխումները ցանկացած երկրի ինքնիշխան իրավունքն է:

Արտաքին գործերի նախարարության արձագանքին հաջորդեց Ադրբեջանի արտաքին գերատեսչության հայտարարությունը, թե Ադրբեջանի դեմ սպառնալիքները անմիջապես և խստորեն կճնշվեն։ ԱԳՆ խոսնակ Այխան Հաջիզադեն անթույլատրելի է համարել Երևանի մեղադրանքները, թե Բաքուն սրում է իրադրությունը։

Ադրբեջանցի պաշտոնյան կրկին հայաստանյան օրենքներն է հիշատակել, պնդելով, թե «Հայաստանի Սահմանադրությամբ, ինչպես նաև մի շարք օրենսդրական ակտերում Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության վերաբերյալ պահանջները և ռևանշիզմի փորձերի առկայությունը վկայում են Հայաստանի կողմից մեր երկրի դեմ ուղղված սպառնալիքների մասշտաբները»։

XS
SM
MD
LG