Ադրբեջանը կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ, հայտնում է Հայաստանի պաշտպանության նախարարությունը։
ՊՆ-ի հաղորդմամբ՝ Ադրբեջանի զինված ուժերը երեկ՝ ապրիլի 6-7-ը՝ ժամը 22։45 00։25-ն ընկած ժամանակահատվածում, Խոզնավարի (Սյունիքի մարզ), ժամը 22։45-00։48-ը Արավուսի (Սյունիքի մարզ), ապրիլի 7-ին՝ ժամը 02։20-ին, Սոթքի (Գեղարքունիքի մարզ) հատվածում հրաձգային զենքից կրակ են բացել հայկական դիրքերի ուղղությամբ։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, իր հերթին, հաղորդագրություն է տարածել, թե հայկական զինված ուժերը ապրիլի 6-ին՝ ժամը 18:30-22:05-ը, «կրակ են բացել սահմանագոտու արևելյան և հարավարևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ»:
Հայաստանի ռազմական գերատեսչությունը հերքում է այս հաղորդագրությունը՝ հայտարարելով, որ կրակ չի բացել։
- Հայ-ադրբեջանական սահմանին կրակոցների մասին հաղորդումները վերջին օրերին ակտիվացել են։ Հայաստանի պաշտպանության նախարարությունը երեկ սադրիչ էր որակել Ադրբեջանի գործողությունները։
- Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը հայտնել է, որ երեկ պարեկություն է իրականացրել Սոթքի, Վերին Շորժայի, Արավուսի և Մովսեսի տարածքներում, իրավիճակը եղել է կայուն և հանգիստ:
- Հայաստանի արտաքին գործերի նախարարությունն էլ էր երեկ հայտարարությամբ հանդես եկել, կոչ արել Բաքվին դադարեցնել իրադրությունը սրելու գործողությունները՝ ընդգծելով՝ Հայաստանը տարածաշրջանում իրադրության սրմամբ հետաքրքրված չէ։
- Ադրբեջանի արտաքին գերատեսչությունը հայտարարել է, թե Բաքվի դեմ սպառնալիքները անմիջապես և խստորեն կճնշվեն։