Բաքուն ու Հռոմը քննադատում են Փարիզին, Երևանը՝ ԵՄ անդամներին օրինակ բերում

Ֆրանսիայի ԱԳ նախարար Ստեֆան Սեժուրնեն և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Փարիզում համատեղ ասուլիսի ժամանակ, 2-ը ապրիլի, 2024թ.

Իտալիայի փոխարտգործնախարար Էդմոնդո Չիրիելին քննադատել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ստեֆան Սեժուրնեին` ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ հանդիպմանը հայ - ադրբեջանական գործընթացի շուրջ մեկնաբանությունների համար:

Սեժուրնեն մասնավորապես հայտարարել էր, թե Ադրբեջանը կասկածի տակ է դնում Հայաստանի տարածքային ամբողջականությունը:

«Օգտակար ու տեղին կլիներ, եթե Սեժուրնեն չվնասեր նրանց ջանքերին, ովքեր սթափ մտքով շարժվում են դեպի այս տարածաշրջանում վերջնական խաղաղեցում», - ասել է Չիրիելին: Նա նաև ասել է, թե կրակի դադարեցման ռեժիմը պահպանվում է երկու երկրների ջանքերով, իսկ այլ կողմերի ցանկացած անհեռատես հայտարարություն սպառնում է մեծացնել լարվածությունը:

Հայաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը մեկնաբանություն է տարածել, որտեղ ընդգծել է, որ Ֆրանսիան Եվրամիության անդամ է, որի առաքելությունը 2022 թվականի հոկտեմբերից հետո մշտադիտարկում է հայ - ադրբեջանական միջպետական սահմանը և վերջին օրերին էլ հանդես է եկել համապատասխան հաղորդագրություններով: Բադալյանն, առանց Իտալիան հիշատակելու, նշել է, որ «ԵՄ առաքելության մանդատին համապատասխան գործունեությունն ու գնահատականները պետք է հաշվի առնվեն, այդ թվում՝ ԵՄ բոլոր անդամ պետությունների դիրքորոշումներում»:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Կարևորում ենք Ֆրանսիայի ներդրումը նաև որպես Եվրոպական միության անդամ. ԱԳՆ խոսնակ

Բաքուն, ընդհակառակը, ողջունել է իտալացի դիվանագետի գնահատականը: Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այխան Հաջիզադեն պնդել է՝ Չիրիելիի հայտարարությունը վկայում է, թե որքան «կարևոր է երկրների ներքին գործերին չմիջամտելն ու անպատասխանատու մոտեցումը կանխելը այնպիսի զգայուն հարցի նկատմամբ, ինչպիսին է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ գործընթացն ու կարգավորումը»։ «Դա [Իտալիայի դիրքորոշումը] նաև ապացուցում է, թե որքան անհիմն և անարդյունավետ է Ֆրանսիայի նման երկրների կողմից իրականացվող ապակառուցողական քաղաքականությունը։ Մենք կարծում ենք, որ Իտալիայի վարած քաղաքականությունը պետք է օրինակ ծառայի որոշ եվրոպական երկրների, հատկապես Ֆրանսիայի համար», - ասել է Հաջիզադեն։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Բաքուն Փարիզին հորդորում է հետևել Իտալիայի «հավասարակշռված քաղաքականության» օրինակին

Իտալիան 2023 թվականին 10 միլիարդ խորանարդ մետր գազ է ներմուծել Ադրբեջանից՝ դառնալով ադրբեջանական «կապույտ վառելիքի» ԵՄ ամենախոշոր գնորդը:

Բաքուն, իր հերթին, «Լեոնարդո» իտալական ռազմական ընկերությունից C-27J տեսակի ռազմատրանսպորտային օդանավեր է ձեռք բերում:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Ալիևը Մյունխենում հանդիպել է իտալական ռազմական ընկերության ղեկավարի հետ Ադրբեջանը Իտալիայից ռազմական օդանավեր է ձեռք բերում