Մատչելիության հղումներ

Ադրբեջանը Իտալիայից ռազմական օդանավեր է ձեռք բերում


Ադրբեջանը Իտալիայից ռազմական օդանավեր է ձեռք բերում․ սա արևմտյան երկրի հետ հազվագյուտ գործարք է, որը տեղի է ունենում Բաքվի և Հռոմի միջև էներգետիկ ոլորտում համագործակցության ընդլայնման արդյունքում։

«Լեոնարդո» իտալական ռազմական հսկան անցած շաբաթավերջին հայտարարեց, որ պայմանավորվածություն է ձեռք բերել Ադրբեջանի պաշտպանության նախարարության հետ C-27J տեսակի ռազմատրանսպորտային օդանավերի վաճառքի շուրջ։ Պաշտոնական կայքէջում տեղադրված հաղորդագրությունում մասամբ պետական ռազմական ընկերությունը գործարքը կապում է իտալա-ադրբեջանական էներգետիկ համագործակցության հետ։

«Ի սկզբանե Իտալիայի և Ադրբեջանի միջև համագործակցությունը էներգետիկ ոլորտներում էր, որն այժմ տարածվում է նաև պաշտպանական արդյունաբերության արտադրանքի վրա», - ասվում է «Լեոնարդո»-ի հաղորդագրությունում։

Եվրամիության անդամ Իտալիան համարվում է Եվրոպայում Ադրբեջանի էներգետիկ ռեսուրսների հիմնական գնորդը։ «Հարավային գազային միջանցք» խողովակաշարերի ցանցը, որը բնական գազ է մատակարարում Կասպից ծովից դեպի արևմուտք, ավարտվում է Իտալիայում։ Իտալիան նաև ադրբեջանական նավթի խոշոր գնորդներից է։ Ադրբեջանական պաշտոնական տվյալներով՝ Եվրոպա մատակարարվող ադրբեջանական նավթի վաճառքի կեսից ավելին բաժին է հասնում Իտալիային:

C-27J-ի վաճառքի վերաբերյալ Ադրբեջանի կառավարությունը մանրամասներ չի հայտնում, հստակ չէ՝ քանի օդանավ է Բաքուն ձեռք բերել Հռոմից։ Ադրբեջանի ռազմական գերատեսչությունը միայն տեղեկացրել էր, որ պաշտպանության փոխնախարար Ագիլ Գուրբանովն էր գործուղվել իտալական մայրաքաղաք և գործարքի ստորագրումից մեկ օր առաջ հանդիպում ունեցել Իտալիայի պաշտպանության նախարարի հետ։

Փորձագետ. Ադրբեջանը, ամենայն հավանականությամբ, իտալական նոր օդանավը կօգտագործի ռազմական նպատակներով

Փորձագետների գնահատմամբ՝ C-27J-ը բարձր արդյունավետություն ունեցող օդանավ է, որն ունակ է առաջադրանքներ կատարել բարդ տեղանքներում: «Լեոնարդո» ընկերության պնդմամբ՝ դրանք «իդեալական ինքնաթիռներ են ռազմական տրանսպորտային առաքելությունների, դեսանտայինների և մարտավարական զորքերի աջակցության, հատուկ նշանակության ուժերի գործողությունների համար»:

Ըստ տարբեր աղբյուրների, Ադրբեջանն իր զինանոցում երկու ռազմատրանսպորտային ինքնաթիռ ունի՝ ռուսական արտադրության «Իլ-76», որը համարվում է ավելի մեծ և նախատեսված է ավելի հեռահար առաքելությունների համար, քան մարտավարական C-27J-ը: Ադրբեջանցի փորձագետ Ֆուադ Շահբազը Eurasianet-ի հետ զրույցում նշել է, որ թեև իտալական նոր օդանավը կարող է օգտագործվել քաղաքացիական առաքելությունների համար, Ադրբեջանը, ամենայն հավանականությամբ, դրանք կօգտագործի ռազմական նպատակներով՝ զինամթերքի և անձնակազմի տեղափոխման համար։

Նյու Յորքում Կոլումբիայի համալսարանի Հարիմանի անվան հետազոտական ինստիտուտի կողմից հիմնադրված Eurasianet-ի խմբագիրը նկատում է, որ մինչ օրս արևմտյան երկրները Ադրբեջանին ու Հայաստանին զենք գրեթե չեն վաճառել։ Տասնամյակներ առաջ՝ ղարաբաղյան հակամարտության սկզբնական փուլում ԵԱՀԿ-ն կազմակերպության անդամ երկրներին խնդրել էր զենքի էմբարգո սահմանել ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի դեմ։ Էմբարգոն դեռ ուժի մեջ է, մինչդեռ ԵԱՀԿ անդամ Ռուսաստանը զենք է վաճառել թե՛ Ադրբեջանին, թե՛ Հայաստանին, կառույցի մեկ այլ անդամ Թուրքիան էլ՝ Ադրբեջանին։

Բաքուն վերջին տարիներին ձեռք էր բերել իսպանական ռադարներ, ինչպես նաև չեխական ու սլովական հաուբիցներ, վերջիններս, ինչպես հետագայում պարզվել է՝ Իսրայելի միջոցով։

XS
SM
MD
LG