«Կանաչ Երևան». ծառերը կտրեցին, ավարտեցին, ցուցարարները՝ ոտքի ելան

Ծառերը կտրեցին, ավարտեցին, ցուցարարները նոր միայն ոտքի ելան: Երևանում ծառերի փոխարինման մասին վաղուց էր հայտնի, իսկ բուն գործընթացը սկսվեց շուրջ երկու շաբաթ առաջ:

Թումանյան փողոցի թեղիներին արդեն հուդայածառերն են փոխարինել։ Ալեք Մանուկյանի թեղիներն էլ չկան, դրանց տեղում ալբիցիաներ ու կելրեյթերիաներ են տնկվել։ Քաղաքապետարանի սղոցները Սայաթ-Նովա - Ալեք Մանուկյան խաչմերուկում էլ աշխատեցին։ Ըստ էության՝ այս տարվա նախատեսված ծառահատումների մեծ մասն արդեն իրականացվել է:

Նախօրեին մի խումբ ցուցարարներ հավաքվել էին քաղաքապետարանի դիմաց։ Նրանց անձամբ բացատրություններ տալու եկավ Տիգրան Ավինյանն ու ազդարարեց՝ «կտրելու բան չկա, ամբողջն արդեն արել ենք»:

Պաշտոնյաները պնդում են՝ հին թեղիները հիվանդ են, իրենց կյանքն արդեն ապրել են և դրանց փոխարեն նոր ծառատեսակներ են անհրաժեշտ։ Ընդդիմադիրները հակադարձում են՝ հատված ծառերի մեջ առողջներն էլ կային, իսկ առաջարկվող նոր տեսակները մայրաքաղաքի փողոցներին հարմար չեն։

Քաղաքապետարանն արագ իրականացրեց այս ամենը, հարյուրավոր ծառեր կտրելու համար հաշված օրեր պահանջվեցին։

Առայժմ կանգուն են Մելիք Ադամյան փողոցի՝ կառավարության հետնամասի թեղիները։ Ցուցարարները հիմա նոր փորձաքննություն են պահանջում. քաղաքապետը համաձայնեց. - «Хорошо, ես վաբշե խնդիր չեմ տեսնում»:

Երկարատև բանավեճից հետո Ավինյանը վստահեցրեց՝ առայժմ Մելիք Ադամյան փողոց չեն մտնի, մինչ այդ ցուցարարներից գիտական կարծիք են ակնկալում, որպեսզի դրա հիման վրա նոր փորձաքննություն անցկացնեն։

Ավագանու ընդդիմադիր «Ազգային առաջընթաց» խմբակցությունից հայտնեցին՝ փորձագիտական կարծիք վաղուց են փոխանցել քաղաքային իշխանությանը, ավագանու առաջիկա նիստում նորից կներկայացնեն իրենց փաստարկներն ու կսպասեն քաղաքապետարանի քայլերին։

Չնայած 100-ավոր ծառեր անվերադարձ հատվել են, ընդդիմադիրները պնդում են՝ իրենք պայքարն արդյունավետ էր, «Ազգային առաջընթացից» Գրիգոր Երիցյանի խոսքով, այլապես էլ ավելի շատ ծառեր կհատվեին:

«Թող Տիգրան Ավինյանի չթվա, որ այսպիսով պայքարը դադարելու է և իրենք ինչ-որ պահ կարող են վերսկսել ծառահատումը, որովհետև թե՛ քաղաքացիները, թե՛ մենք ուշադիր հետևում ենք հետագա զարգացումներին, ու թող իրեն չթվա, որ սա բարի կամքի դրսևորում էր իր կողմից», - ասաց Երիցյանը:

Ընդդիմադիրն, այդուհանդերձ, ընդունում է՝ լավ կլիներ, որ մարդիկ ավելի շուտ համախմբվեին. «Այս պահին երկրում այնքան տարբեր գործընթացներ են ընթանում, որ չենք կարող քննադատել քաղաքացիներին, որ իրենք փողոց դուրս չեն գալիս, այս կամ այն հարցի դեմ չեն պայքարում»:

Երեկ փորձաքննությանը համաձայնելուց հետո քաղաքապետը աշխատասենյակ վերադարձավ։ Ավելի ուշ համացանցում քննարկում էին ոչ միայն ծառերի հարցը, այլև Ավինյանի՝ քաղաքացիների հետ շփվելու ձևը: