Մատչելիության հղումներ

Ովքե՞ր են որոշել, որ Թումանյան փողոցի թեղիներին հուդայածառեր պետք է փոխարինեն


Գիտնականներն են որոշել, որ Թումանյան փողոցի թեղիներին հուդայածառեր պետք է փոխարինեն, հայտարարում են նախորդ դարի կեսին տնկված ծառերը հատող քաղաքային իշխանությունները։ Կանաչապատման ՀՈԱԿ-ի տնօրենը անցած տարի ստեղծված գիտնականների մի խորհրդի է հղում անում, բայց չի նշում, որ անդամների կեսից ավելին հենց քաղաքապետարանն են ներկայացնում։ Արմեն Բեգոյանը, սակայն, հակառակն է պնդում՝ անկախ փորձագետներ են։

«Էդ գիտնականները չեն աշխատում Երևանի քաղաքապետարանում, չեն աշխատում մեր հիմնարկում, նրանք վարձատրություն չեն ստանում», - հայտարարել է նա։

Այս պնդումն անելիս Արմեն Բեգոյանը մոռացե՞լ էր իրեն կից խորհրդի կազմը՝ պարզ չէ, բայց տարրական հանրահաշիվը փաստում է՝ քաղաքապետարանը ներկայացնողները մեծամասնություն են։

Անցած ամռանը ստեղծված խորհրդի կազմում են, օրինակ, կանաչապատման ՀՈԱԿ-ի փորձագետները, Բեգոյանի տեղակալը, վարչության ու բաժնի պետեր։ Ովքե՞ր են խորհրդի քաղաքապետարանը չներկայացնող մյուս անդամները, Բեգոյանը ներկայացրել է։

Նրանցից մի քանիսի հետ կապ հաստատել չհաջողվեց, իրենց աշխատավայրերից խոստացան տեղեկացնել, որ «Ազատություն»-ը դիմել է, սակայն հետ զանգ դեռ չի ստացվել։

Խորհրդի նախագահը Ժիրայր Վարդանյանն է, նա ծառերը փոխելու ջատագովներից է, ու հենց նա էր շաբաթներ առաջ շրջում քաղաքապետի հետ։ Անցած ամռանը ձևավորված խորհուրդն, ի դեպ, այս ընթացքում փոփոխությունների է ենթարկվել։

ԵՊՀ բուսաբանության ամբիոնի վարիչ Սիրանուշ Նանագուլյանն ասաց, թե մինչ հուդայածառերի պատմությունը դուրս է եկել խորհրդից, միայն մեկ նիստի է մասնակցել, հետո հասկացել է՝ այս ոլորտի նեղ մասնագետ չէ, սա անտառագետների որոշելու հարցն է, իսկ ինքը սնկաբան է։

Քաղաքապետարանում չաշխատող գիտնականների թիվն այսպիսով մեկով պակասում է. այս ընթացքում հիմնարկի առնվազն ևս մեկ աշխատակից է ավելացել կազմում, թե այժմ քանիսն են, պաշտոնապես դեռ չեն տեղեկացրել։

Ընդդիմադիրները թեղիները կտրելն ու հուդայածառեր տնկելն անթույլատրելի են համարում։ Դիմել են նաև գիտական կազմակերպություններին ու հարցրել՝ արդյոք քաղաքային իշխանությունները նրանց կարծիքը հաշվի են առել։ Գիտությունների ազգային ակադեմիայի բուսաբանության ինստիտուտից պաշտոնապես պատասխանել են՝ նման դիմում քաղաքապետարանից չեն ստացել։ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի կենտրոնից էլ են նույնը հայտնել՝ ընդգծելով՝ այնպիսի բան անելիս գիտական հիմնավորումներ պետք է տրվեն։

Քաղաքային իշխանությունները պնդում են, թե թեղիները հիվանդ են, իրենց դարն արդեն ապրել են։ Կանաչապատման հիմնարկը 2022-ից ղեկավարող Բեգոյանի խոսքով՝ թեղին էժան ծառ է և Երևանի համար չէ, իրենք թանկանոցներն են տնկում։

Մանրամասներն՝ «Ազատության» ռեպորտաժում.

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG