«Հայաստանին ռազմական աջակցության ցուցաբերելն այսօր որևէ օգուտ չի խոստանում ոչ Հայաստանին, ոչ էլ տարածաշրջանին։ Դրա փոխարեն անհրաժեշտ է տարածաշրջանում խաղաղության խրախուսումը»,- այս մասին այսօր Բաքվում հայտարարել է Թուրքիայի նախկին արտգործնախարար, այժմ պատգամավոր Մևլութ Չավուշօղլուն։
Նրա խոսքով՝ Անկարան մասնավորապես Փարիզին բազմիցս հորդորել է հրաժարվել «Հայաստանին այլ միջոցներով աջակցությունից»։
«Մենք բազմիցս այդ մասին հայտարարել ենք Ֆրանսիայի ներկայացուցիչներին։ Նրանք պետք է հրաժարվեն Հայաստանին այլ միջոցներով աջակցելու փորձերից։ Նրանք թող չմոռանան, որ մեր սիրելի Ադրբեջանը երբեք չի լինի միայնակ»,- հայտարարել է Թուրքիայի իշխող մեծամասնության ներկայացուցիչը։
Չավուշօղլուի այցը Բաքու հաջորդում է Թուրքիայի ռազմական արդյունաբերության կոմիտեի նախագահ Հալուք Գյորգյունի գլխավորած պատվիրակության այցին։ Նախագահ Իլհամ Ալիևը, ընդունելով թուրք պաշտոնյաներին, «ընդգծել է , որ Ադրբեջանում լուրջ քայլեր են ձեռնարկվում պաշտպանական արդյունաբերության զարգացման ուղղությամբ», «այդ տեսանկյունից թուրքական առաջատար ընկերությունների պատվիրակության այցն Ադրբեջան լավ հնարավորություններ է ստեղծում համագործակցության հեռանկարները քննարկելու համար»։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Եթե ինչ-որ մեկը չի օժանդակում Հայաստանի անվտանգությանը, Ռուսաստանն է. Ֆրանսիայի դեսպան