ԱՄՆ հետախուզությունը զգուշացման մեջ նշել է «Կրոկուս»-ը՝ որպես ահաբեկչության հնարավոր վայր. ԶԼՄ-ներ

Քաղաքացիները հարգանքի տուրք են մատուցում զոհերի հիշատակին, Կրասնոգորսկ, Ռուսաստան, 30-ը մարտի, 2024

Մարտի 22-ին Մոսկվայում տեղի ունեցած ահաբեկչությունից շաբաթներ առաջ դեռ Միացյալ Նահանգների հետախուզությունը տեղեկություններ է փոխանցել Ռուսաստանին և ոչ միայն զգուշացրել հնարավոր ահաբեկչության մասին, այլև կոնկրետ նշել է «Կրոկուս հոլ»-ը (Crocus City Hall)՝ որպես ահաբեկչության հնարավոր վայր, հաղորդում է Washington Post-ը՝ հղում անելով իրավիճակին ծանոթ երկու ամերիկացի պաշտոնյաների։ Ավելի ուշ այս տեղեկությունը հաստատեց նաև New York Times-ը՝ կրկին վկայակոչելով հետախուզության աղբյուրները։

Ըստ այդ հրապարակումների՝ ամերիկացի պաշտոնյաները տեղեկացրել են Մոսկվային, որ «Իսլամական պետությունը» հարձակում է նախապատրաստում, և «Կրոկուս հոլ»-ն է ընտրել թիրախ։ Նախազգուշացումը սպասվելիք հարձակման կոնկրետ ժամկետ չի նշել, բայց ասվել է, որ այն կարող է տեղի ունենալ հաշված օրերի ընթացքում։

«Սա ուղղակիորեն հակասում է Մոսկվայի պնդումներին, թե ԱՄՆ-ի նախազգուշացումները չափազանց ընդհանուր էին, որպեսզի հնարավոր լիներ կանխել հարձակումը», - գրում է Washington Post-ը։

Նույնն էր պնդել նաև Ռուսաստանում ԱՄն դեսպան Լին Թրեյսին օրեր առաջ հրապարակված հայտարարության մեջ։

«Փաստ է, որ Ռուսաստանի իշխանություններին փոխանցված գրավոր տեղեկատվությունը հստակ էր, ժամանակին և վստահաշատ», - ասել է նա։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Թեհրանը նույնպես զգուշացրել է Մոսկվային ահաբեկչության վտանգի մասին. Reuters

Այդ դեպքում ինչո՞ւ Ռուսաստանը քայլեր չի ձեռնարկել անվտանգությունն ամրապնդելու համար, հարց են բարձրացնում արևմտյան լրագրողները։ Արձագանքելով նրանց՝ Կրեմլի խոսնակն այսօր ասել է, թե նախագահի վարչակազմը տեղյակ չի եղել ամերիկյան նախազգուշացումներից։

«Դա մեր ոլորտը չէ, նման տեղեկատվության փոխանակումը սովորաբար տեղի է ունենում հատուկ ծառայությունների խողովակներով», - նշել է Դմիտրի Պեսկովը։

Մինչդեռ նախագահ Պուտինը, հակառակը, համերգասրահի վրա հարձակումից երեք օր առաջ հրապարակավ ասել էր, որ Մոսկվան Արևմուտքից ստացել է նախազգուշացումներ։ Կրեմլի ղեկավարը, միաժամանակ, պնդել էր, թե դրանք ընդամենը «սադրիչ հայտարարություններ» են, որոնցով Արևմուտքը փորձում է վախեցնել ռուսաստանցիներին. - «Այս ամենը հիշեցնում է ուղղակի շանտաժ և մեր հասարակությանը վախեցնելու և ապակայունացնելու մտադրություն»։

Մարտի 22-ի ահաբեկչությունն ամենաարյունալին էր Ռուսաստանում վերջին 20 տարում՝ 2004 թվականից ի վեր․ մեկ օրում՝ առնվազն 145 զոհ, 300-ից ավելի վիրավոր։ Հարձակումից քիչ անց «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը ստանձնեց պատասխանատվությունը։ Ռուսաստանի քննչական կոմիտեն մինչ օրս ձերբակալել է 12 կասկածյալների, որոնք հիմնականում Տաջիկստանի քաղաքացիներ են։ Կրեմլը, սակայն, շարունակում է պնդել, թե ահաբեկչությանը մեղսակից է նաև Ուկրաինան՝ առանց հստակ ապացույցներ ներկայացնելու։ Երեկ Պուտինը հանդիպել է իրավապահներին ու կրկին խոսել պատվիրատուներին պատժելու մասին։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ըստ Պուտինի՝ «Կրոկուսի» ահաբեկչության կազմակերպիչների նպատակը Ռուսաստանը ներսից պառակտելն էր

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Պուտինը փորձում է Crocus City Hall-ում տեղի ունեցածի մեղքը բարդել ուրիշի վրա. Զելենսկի

«Մեզ համար կարևոր է բացահայտել ոչ միայն ուղղակի կատարողներին, այլ նաև այս հանցագործության վերջնական շահառուների բոլոր օղակները, ամբողջ շղթան։ Մենք անպայման կհասնենք նրանց», - ասել է նա։

Հարձակումից հետո առաջին հրապարակային ելույթում էլ Պուտինը պնդել էր, թե կազմակերպիչները ուզում էին անկայունության ու խուճապի սերմեր գցել Ռուսաստանում և ծնկի բերել երկիրը։ Ավելի վաղ նա նույն շեշտադրումներով մեղադրանքներ էր հնչեցրել Միացյալ Նահանգների ու արևմտյան մյուս երկրների հասցեին։ Այս ֆոնին ռուսական պետական քարոզչամեքենան մի քանի օր է՝ հաղորդում է, թե իբր ռուսաստանցիները համախմբվել են երկրի շուրջ և պայմանագրեր են կնքում զինված ուժերի հետ՝ հայրենիքը պաշտպանելու։

Պաշտպանության նախարարությունը, մասնավորապես, պնդում է, թե տարեսկզբից ՌԴ հարյուր հազար քաղաքացի է ինքնակամ համալրել զինված ուժերի շարքերը, նրանցից 16 հազարը՝ միայն վերջին 10 օրում՝ «Կրոկուս»-ում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո։ Արևմտյան մամուլն, իր հերթին, փաստում է, որ Կրեմլը կրկին փորձում է արյունալի հարձակումը ծառայեցնել սեփական շահերին՝ սլաքներն ուղղելով դեպի ուկրաինական ռազմաճակատ, որտեղ, ըստ վերլուծաբանների, Պուտինը մտադիր է ակտիվացնել ռազմական գործողությունները՝ մարտի սկզբին նախագահական ընտրություններում տարած վիճելի հաղթանակից հետո։