Միացյալ Նահանգները և Իսրայելը մտադիր են հեռավար տարբերակով քննարկել Սպիտակ տան այլընտրանքային առաջարկները Գազայի հատվածի հարավում գտնվող Ռաֆահ քաղաքում իսրայելյան բանակի ծրագրված ցամաքային գործողության վերաբերյալ: Այս մասին հայտնում է իսրայելական Walla լրատվական պորտալը։
Հաղորդագրության համաձայն, քննարկմանը կմասնակցեն ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը և Իսրայելի ռազմավարական պլանավորման նախարար, ռազմական կառավարության անդամ Ռոն Դերմերը:
Վաշինգտոնը դեմ է իսրայելական բանակի ցամաքային ներխուժմանը Ռաֆահ, որտեղ ապաստանել է մոտ մեկուկես միլիոն պաղեստինցի փախստական։ Մինչդեռ, Իսրայելը պնդում է, որ այդ գործողությունն անհրաժեշտ է իրականացնել, քանի որ Ռաֆահում ապաստանել են ոչ միայն տեղահանվածներ, այլը «Համաս»-ի զինյալներ:
«Համաս»-ը Միացյալ Նահանգներում և Եվրամիությունում ահաբեկչական կառույց է ճանաչվել:
Երեկ մամլո ասուլիսում Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն ասել է, որ բանակը հավանություն է տալիս Ռաֆահ մտնելու ծրագրին և պատրաստ է այն իրականացնել:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ովքեր ասում են չմտնել Ռաֆահ՝ Իսրայելին պարտության են դրդում. Նեթանյահու