«Համաս»-ի քաղբյուրոյի ղեկավարը մեկնում է Թեհրան՝ բարձր մակարդակով հանդիպումների

Իրան

Արևմուտքի կողմից ահաբեկչական կազմակերպություն ճանաչված «Համաս» խմբավորման քաղաքական բյուրոյի ղեկավարը մեկնում է Թեհրան՝ բարձր մակարդակով հանդիպումներ ունենալու Իրանի իշխանությունների հետ, այս մասին հայտնում են տեղական լրատվամիջոցները:

IRNA պետական լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Կատարում բնակվող Իսմայիլ Հանիեն ի թիվս այլ պաշտոնյաների բանակցություններ կվարի նաև արտգործնախարար Հոսեյն Ամիր-Աբդոլլահիանի հետ։

Այցին նախորդել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևը, որը պահանջում է անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները Գազայի հատվածում։ Միացյալ Նահանգները ձեռնպահ է քվեարկել բանաձևին, ինչը դժգոհություն է հարուցել Իսրայելում, որն ի նշան բողոքի չեղարկել է բարձրաստիճան պատվիրակության այս շաբաթ նախատեսված այցը Վաշինգտոն։

Իրանը «Համաս»-ի հավատարիմ աջակիցն է, սակայն պնդել է, որ չի մասնակցել Իսրայելի դեմ հոկտեմբերի 7-ի արյունալի հարձակման ծրագրմանն ու իրականացմանը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Իսրայելը «չի ​​դադարեցնի կրակը Գազայում»
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ՄԱԿ-ի ԱԽ-ն հաստատել է Գազայում անհապաղ հրադադար պահանջող բանաձևը